Աղբիւր՝ www.asbarez.com

 

ԵՐԵՒԱՆ, “Ակունք”.- Թուրքիայում հրատարակւել է Հայկական Ցեղասպանութեան վերաբերեալ բազմաթիւ գրքերի հեղինակ, թուրք պրոֆեսօր Թաներ Աքչամի “Հայերու Բռնի Իսլամացումը. Լռութիւն, Ժխտում Եւ Ուծացում” գիրքը (“Իլեթիշիմ” հրատարակչութիւն):

Ըստ թրքական լրատւամիջոցների՝ հատորը այս նիւթին առնչւող յօդւածների մի հաւաքածոյ է: Գրքում տեղ գտած առաջին յօդւածում, Աքչամը ներկայացնում է, թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս է սկսել հետաքրքրւել Հայկական Ցեղասպանութեամբ եւ վերջին 30 տարիներին ինչպիսի՞ հակազդեցութիւնների է հանդիպել նրա պատճառով:

Երկրորդ յօդւածում նա անդրադառնում է Սարգիս Թորոսեանի յուշերի հրապարակման հետեւանքով մեկնարկած եւ տարբեր ճակատների վրայ շարունակւած բանավէճին, իսկ ժողովածուի վերջին յօդւածում, որ նաեւ ամենահամապարփակն է երեք յօդւածներից, Աքչամը վերլուծում է հայերի բռնի ուծացման հարցը: Ըստ Աքչամի՝ հայերը թրքական ընկերութեան մէջ ձուլելու արարքը կատարւել է առնւազն չորս ձեւերով՝ բռնի իսլամացում, ժամանակաւոր վերաբնակեցում, երեխաների հաւաքագրում եւ իսլամ ընտանիքների յանձնում, ապա վերջապէս՝ մանկամարդ կանանց ու աղջիկների բռնի ամուսնութիւն՝ իսլամների հետ: Թուրք պատմաբանը պնդում է, թէ բռնի ուծացումն ու ձուլումը Հայկական Ցեղասպանութեան անքակտելի մէկ մասն են: Նա նաեւ անդրադառնում է այն հարցին, թէ ինչո՞ւ այդ փաստը մինչ օրս անտեսւած է:

Միւս կողմից, “Սի.Էն.Էն. Թիւրք” լրատւականը վերջերս անդրադարձել է Հայաստանի “Կենտրոն” կայանի մէկ նիւթին, ուր խօսւում է քրդական հարցի լուծման հեռանկարներին եւ Արեւմտեան Հայաստանում ներկայիս ապրող հայերի թւի մասին: “Թուրքիոյ 4 միլիոն հայերու առկայութեան մասին պնդում” վերնագրով նիւթի մէջ, “Սի.Էն.Էն. Թիւրք”-ը ներկայացնում է Նայիրի Յոխիկեանի պատրաստած վաւերագրականը:

Չորս միլիոն հայերի գոյութեան վարկածից բացի, թրքական կայքը յիշեցնում է “Իսլամացուած հայեր” խորհրդաժողովին մասնակցած Այշէ Գիւլ Ալթընայի այն յայտարարութիւնը, ուր նա հաստատել էր, թէ այժմ Թուրքիոյ մէջ ապրում են իսլամացած հայերի միլիոնաւոր ժառանգորդներ: