Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրք ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի նկարահանած «Խզում» ֆիլմի` Թուրքիայում ցուցադրութեան դրւելուց յետոյ, շատերն սկսել են իրենց տեսակէտերը յայտնել ֆիլմի վերաբերեալ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, թուրքական «Թ 24» պարբերականի սիւնակագիր Աթիլլա Դորսայը յատուկ յօդւած է հրապարակել, որում կարծիք է յայտնել ֆիլմի` Ցեղասպանութեան մասին դէպքերը ոչ լիակատար ներկայացնելու վերաբերեալ: «Կարծես թէ «Հայկական հարցի» վրայ անէծք կայ... Այս հարցը նկարահանել փորձող ռեժիսորները մշտապէս ձեռքերն այրել են: Թէ յարգելի Տաւիանի եղբայրները, թէ անձամբ հայ ռեժիսոր Ատոմ Էգոյեանը... Ստեղծւած ֆիլմերը ոչ ոքի չեն յագեցրել»,- գրում է Դորսայը:

«1915 թւականին տեղի ունեցածը համամարդկային յանցագործութիւն է... Թուրքիան` որպէս պետութիւն եւ որպէս ժողովուրդ, պատմութեան այդ ցաւալի շրջանի համար պէտք է ներողութիւն խնդրի: Չխուսափե՛նք դրանից»,- նշում է յօդւածագիրը:

Անդրադառնալով Աքընի ֆիլմին` Դորսայն ընդգծում է, որ իր սպասելիքները չեն արդարացել: Նրա խօսքերով` 1915 թւականին Մարդինում սկսւած պատմութեան նախապատմութիւնն ընդամէնը մի քանի նախադասութեամբ ներկայացնելը բաւարար չէ: Դորսայի հաւաստմամբ` ֆիլմում յայտնի չի դառնում, թէ ինչ պայմանների ներքոյ են մարդինցի դարբին Նազարէթ Մանուկեանը, նրա կինը` Ռաքելը, երկւորեակ դուստրերը` Արսինէն եւ Լուսինէն, ենթարկւում բռնութիւնների, «տեղահանութիւն-աքսորի»:

«Այսպիսով հայակական հարցն իր ողբերգական ողջ մասշտաբով մոռացութեան է տրւում, առաջ է բերւում կորուսեալ ընտանիքին փնտրող հօր պատմութիւնը»,- գրում է Դորսայը` ֆիլմն ամենեւին էլ չբնորոշելով որպէս «թուրքի թշնամի»: Սիւնակագրի խօսքերով` «Խզում»-ը զգալիօրէն զիջում է Աքընի միւս ֆիլմերին: «Իսկ «հայկական դէպքը» դեռեւս սպասում է իր ֆիլմին եւ ռեժիսորին: Տեսնենք, թէ դեռ ինչքան ժամանակ...»,- եզրափակում է յօդւածագիրը: