Աղբիւր՝ www.armenpress.am

 

Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, յայտնի «System of a Down» ալտերնատիւ մեթալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկեանը երաժշտութիւն է գրում Հայոց ցեղասպանութեան տարելիցին նուիրուած նոր` «1915» ֆիլմի համար: Հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Յովհաննիսեանը եւ Ալէք Մուհիբեանը:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ, ֆիլմի պաշտօնական ֆէսյբուքեան էջն էլ տեղեկացնում է, որ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Սերժ Թանկեանն իր դեբիւտը կանի որպէս ֆիլմի կոմպոզիտոր՝ երաժշտութիւն գրելով «1915» ֆիլմի համար: ««1915»-ն անհաւանական գեղարուեստական ֆիլմ է՝ լի հոգեկան ցնցումով, խորութեամբ, անորոշութեամբ եւ որոշակի մոգութեամբ՝ միեւնոյն ժամանակ մնալով պատկերաւոր եւ ժամանակակից հազուագիւտ երեւոյթ այսօրուայ ֆիլմերում: Ես հաճոյք եմ ստանում՝ դրա համար ստեղծելով երաժշտական աշխարհ»,- գրել է նա:

«1915»-ը հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմութեան ամենասոսկալի իրադարձութիւնները: Ֆիլմը հետեւում է մի մարդու վիճելի առաքելութեանը, ով ցանկութիւն ունի կեանքի բերել մոռացուած ցեղասպանութեան հոգիներին:

Imdb.com կայքը տեղեկացնում է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենայ Ա.Մ.Ն.-ի Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ 2015 թուականի ապրիլի 24-ին: Ֆիլմի գլխաւոր դերերում հանդէս են գալիս դերասաններ Սիմոն Աբգարեանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փէյջը (Ջէյմս) եւ Անժելա Սարաֆեանը (Անժելա): Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆեանը յայտնի է յատկապէս «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյեա», «Ներգաղթեալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարեանն էլ ճանաչուած է «Արարատ», «Կազինօ Ռոյալ», «Խզում» (The Cut) կինոնկարներից:

Այլ դերերում հանդէս են գալիս Ջիւ Փիդոքը (Ջեֆրի), Քորթնի Հալուերսոնը (Լաքի), Դեբրա Քրիսթոֆերսոնը (Լիլիան), Նիկոլա Կինսկին (Թոնի), Մայլս Քրանդորդը (Ռէյ) եւ այլք: