Աղբիւր՝ www.armenpress.am

 

Հռոմի Ֆրանցիսկոս պապի` նոյեմբերի վերջին նախատեսուած այցը Թուրքիա լուրջ անհանգստութիւն է առաջացրել որոշ շրջանակների մօտ: Խնդիրը Հայոց ցեղասպանութեան հարցում Հռոմի պապի ունեցած դիրքորոշումն է, եւ այն մտավախութիւնը, որ սկզբում Անկարայ, ապա արդէն Ստամբուլ կատարելիք այցերի ժամանակ Ֆրանսիցկոսը կը խօսի Հայոց ցեղասպանութեան մասին:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Ա.Մ.Ն.-ում բնակուող թուրքերի պաշտօնական տեսակէտները եւ հայեացքներն արտայայտող TurkishNY կայքը ստուարածաւալ յօդուած է պատրաստել այն մասին, որ հնարաւոր է նոյեմբերի 30-ին յունական եկեղեցի այցելութեան ժամանակ Հռոմի պապը պատարագ մատուցի եւ աղօթք իրականացնի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Կայքը նշում է, որ կան խօսակցութիւններ այն մասին, որ 2015 թուականի ապրիլի 12-ին հէնց Հռոմի պապի ղեկավարութեամբ Վատիկանում պատարագ է մատուցուելու:

TurkishNY-ը յիշեցնում է, որ դեռեւս նախքան Հռոմի պապ ընտրուելը Ֆրանցիսկոսը տարբեր յայտարարութիւններ էր արել հայերի Ցեղասպանութեան վերաբերեալ, իսկ արդէն նախորդ տարի իր մօտ էր ընդունել Հայոց ցեղասպանութիւնից փրկուած հայ տիկնոջ, որի հետ զրոյցում ասել էր. «Սա 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն է»:

Հռոմի պապի այցի դէմ բացասական տրամադրուածութիւններ կան նաեւ Թուրքիայի ներսում: Իր հակահայկական գործունէութեամբ յայտնի ASIMDER կազմակերպութեան նախագահ Գեօքսել Գիւլբէյը կոչ է արել Հռոմի պապին պատմական հարցերի վերաբերեալ յայտարարութիւններ չանել` յաւելելով, որ կրօնաւորին հարիր չէ նման արտայայտութիւններ անելը: Գիւլբէյը, խիստ քննադատութեան ենթարկելով կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդին, յայտարարել է, որ իրենք չեն ցանկանում Թուրքիայում տեսնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին:

Հռոմի պապը Թուրքիայում կը լինի նոյեմբերի 29-30-ը: Ֆրանցիսկոս պապը նախ կը ժամանի Անկարայ, այնուհետեւ կ'այցելի Ստամբուլ: Հռոմի պապի այցելութիւնը կը կայանայ Պոլսոյ Յունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմէոսի հրաւէրով: Ֆրանցիսկոսն ու Բարդուղիմէոսը նոյեմբերի 30-ին միասին կը մասնակցեն պատարագի: Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Ֆրանսիկոսը կը լինի Հռոմի չորրորդ պապը, ով այցելում է Թուրքիայ։