Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Անցնող տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանութեան 99-ամեայ տարելիցի կապակցութեամբ Փարիզում ֆրանսահայերի կազմակերպած հաւաքի ժամանակ նախագահ Օլանդը պատրաստակամութիւն էր յայտնել Ֆրանսիայի հայերի հետ միասին աշխատել Հայոց ցեղասպանութեան համաշխարհային ճանաչման ուղղութեամբ։ Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիէն այսօր արդէն յայտնել է, որ Ֆրանսիայի Արդարադատութեան նախարարութիւնը մշակում է Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նոր օրէնքի նախագիծ:

Ֆրանսիայի նախագահն ասել էր. «Այս ողբերգութիւնը միայն մէկ բառով կարելի է կոչել` Ցեղասպանութիւն, այլ բառ գոյութիւն չունի»։

Օլանդն անհանդուրժելի էր համարել ոչ միայն Թուրքիայի, այլեւ այլ երկրների հրաժարումն այս բառը հնչեցնելուց։ «Դժւարանում եմ յստակեցնել, թէ երբ պատրաստ կը լինի օրինագիծը եւ երբ կը ներառւի Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգում: Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցութեանը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առիթով 2015 թւականի ապրիլի 24-ին Երեւանում նախատեսւած միջոցառումներին, դա կարող եմ հաստատել»,- ասաց Հ.Հ.-ում Ֆրանսիայի դեսպանը։