Աղբիւր՝ www.armenpress.am

 

Վատիկանի մշակոյթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկօ Ռաւազին վստահ է` Հայոց ցեղասպանութեան մասին գիտեն ու յիշում են ոչ միայն հայերը, այլեւ ողջ մարդկութիւնը: «Յաջորդ տարի ամբողջ աշխարհը կը նշի մեծ արհաւիրքի` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Երիտասարդ տարիներից ես տեղեակ եմ եղել հայ ժողովրդի նկատմամբ այս ահաւոր ողբերգութեան մասին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործութեան միջոցով»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ջանֆրանկօ Ռաւազին հոկտեմբերի 27-ին Ե.Պ.Հ.-ի գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացած հանդիպման ժամանակ:

Հարցին ի պատասխան, թէ արդեօք նա ներկայ կը գտնւի 2015-ի ապրիլեան միջոցառումներին` կարդինալը նշեց, որ դեռ յստակ չգիտի, բայց ուր էլ լինի, յիշելու է պատմութեան մէջ իր հետքը թողած ողբերգութեան մասին: «Քիչ առաջ խօսում էի ձեր վարչապետի հետ, կայ ցանկութիւն ձեր կողմից, որ Հռոմի պապը գայ Հայաստան, հնարաւոր է Կաթոլիկ եկեղեցու կողմից համերաշխութեան, եղբայրութեան կոչ լինի: Ուրախ եմ, որ ոչ միայն հայութիւնն է յիշում այդ ողբերգութիւնը, այլեւ ողջ մարդկութիւնը: Չգիտեմ` ես որտեղ կը լինեմ այդ ժամանակ, բայց ես այդ պահը կը յիշեմ: Կարեւոր է, որ երիտասարդներն եւս յիշեն, թէ ինչ է նրանց հետ կատարւել, որպէսզի չլինի ինքնութեան կորուստ, քանի որ սպանելով ինքնութիւնը, սպանում են ազգին»,-ընդգծեց կարդինալ Ռաւազին:

Նա յիշեց նաեւ Դանիէլ Վարուժանի «Հացին երգը» ժողովածուն, մասնավորապէս «Ցորեանի ծովեր» բանաստեղծութիւնը, որում կարդինալը տեսնում է հայ ազգի ձգտումը նորից ապրելու եւ արարելու: «Բանաստեղծութեան մեջ նկարագրւած է, որ քամին անցնում է հացահատկի, խաղողի դաշտերի միջով, բայց այս քամին, իհարկէ, ուղղակի մթնոլորտային քամի չէ, այլ Աստծու շունչն է, որը պէտք է այս հողը բերրի դարձնի: Ասւում է, որ փչում են քամիները, հացահատկի սերմերը հողի միջից քաղցրօրէն վեր են բարձրանում եւ նրանց արանքով վազում է մի մեծ հոսանք: Բնականաբար, սերմերը մարդիկ են, ովքեր արմատներ են ձգում հողի մէջ, բոլոր պարտութիւնների միջով ացնելով, դեռ ապրելու մեծ ցանկութիւն ունեն»,-իր զգացողութիւնները նկարագրեց հայ գրականութեամբ հետաքրքրւած կարդինալը: