Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

PanArmenian.net-ը հաղորդում է, որ Գերմանիայի Միջեկեղեցական խորհրդի տարեկան նիստին ընթացքում, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի վերաբերեալ որդեգրւել է պաշտօնական մի յայտարարութիւն, որի մէջ նշւել է, որ անցել է մէկ հարիւրամեակ, սակայն կատարւածն իր ծանր ազդեցութիւնը ձգել է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ միջազգային ընտանիքի վրայ:

«2015-ին մենք ոգեկոչելու ենք Օսմանեան կայսրութեան կողմից իրագործւած Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը: 1915-1922 թւականներին մէկուկէս միլիոն հայեր սպանւեցին, իսկ հազարներ էլ տեղահանւեցին իրենց տներից (ներկայ Թուրքիա) եւ աքսորւեցին: Այսօր աշխարհի վրայ սփռւած աւելի քան վեց միլիոնանոց հայկական սփիւռքն այդ ցեղասպանութեան տեսանելի հետեւանքն է:

Անցել է մէկ հարիւրամեակ, սակայն կատարուածն իր ծանր ազդեցութիւնը ձգել է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ միջազգային ընտանիքի վրայ: Նոյնիսկ եթէ այսօր գրեթէ վերապրողներ չկան, ցաւի եւ անարդարութեան ճանաչումը շարունակում է մնալ արդիական:

Մենք յարգում ենք յիշատակը հայ, ինչպէս նաեւ շուրջ 600,000 արամէացի, ասորի եւ յոյն քրիստոնեաների, ներառեալ` կաթողիկէների եւ բողոքականների, ովքեր սպանւեցին իրենց հայ եղբայրների եւ քոյրերի հետ միասին: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ջանքերը` «հայ եկեղեցիներին հնարաւորութիւն ընձեռելու` իրենց ձայնը բարձրացնելու եւ պայքարելու 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան ճանաչման համար», միշտ գնահատւել է հայ եկեղեցու կողմից»,- ասւել է յայտարարութեան մէջ: