Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայաստանի նախագահը Երեւանում գտնւող իր յոյն պաշտօնակից Կարոլոս Պապուլիասին փոխանցել է հրաւէր՝ մասնակցելու 2015 թւականի ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունենալիք միջոցառումներին:

Յունաստանը Հայոց ցեղասպանութիւնն առաջիններից մէկն է օրէնքի ուժով ճանաչել, իսկ օրերս այդ երկրի խորհրդարանն օրինագիծ ընդունեց Ռասիզմի եւ այլատեացութեան դէմ, որով քրէականացւեց նաեւ Հայոց ցեղասպանութեան ժխտումը:

Պապուլիասի հետ հանդիպմանը Սերժ Սարգսեանը՝ շեշտելով, որ 2015 թւականին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցն է, յայտնեց, որ ապրիլին անցկացւելիք «Ցեղասպանութեան հանցագործութեան դէմ» վերտառութեամբ միջազգային հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումին հրաւիրւած են նաեւ յոյն ժողովրդի ներկայացուցիչներ, որպէս ցեղասպանութեան ենթարկւած Պոնտոսի յոյների ժառանգներ: «Հայաստանը բարձր է գնահատում նաեւ Յունաստանի հաւասարակշռւած եւ կառուցողական դիրքորոշումը Ղարաբաղի հակամարտութեան հարցում, որի պաշտօնական դիրքորոշումն է` սատարել Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի գործունեութեանը եւ Մինսկի խմբի կողմից առաջարկւած լուծումների տարբերակին»,- ասաց Սերժ Սարգսեանը:

«Սերժ Սարգսեանն ինձ տեղեկացրեց Ղարաբաղեան խնդրի, իսկ ես նրան՝ կիպարական վերջին զարգացումների մասին: Կիպրոսի խնդրի շուրջ բանակցութիւնները ճգնաժամային փուլում են: Մենք պայքարում ենք թուրքական բռնատիրութեանը վերջ դնելու ուղղութեամբ, սակայն թուրքական ղեկավարութեան վերջին յայտարարութիւնները յուսադրիչ չեն»,- յայտարարեց Յունաստանի նախագահը։