Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի կապակցութեամբ Ա.Մ.Ն-ը կարող է ինչ-որ քայլ ձեռնարկել, որպէսզի Թուրքիան եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, առաջին հերթին, հասկանան, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարեց Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւոր, Ֆրանսիայի Սենատում հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամութեան խմբի փոխնախագահ, Ալֆորւիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենէ Ռուքէն:

Նրա խօսքով՝ Հայաստանում ֆրանսիական պատւիրակութեան նպատակն է անել հնարաւոր ամէն ինչ, որպէսզի թուրքերը ճանաչեն Հայոց ցեղասպանութիւնը: «Մենք բոլորս վստահ ենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2015 թւականի ապրիլի 24-ին կը լինի Երեւանում: Կը ցանկանայի, որպէսզի նրա հետ միասին Հայաստան ժամանէին մի շարք եւրոպական երկրների նախագահներ եւ վարչապետեր: Օլանդը պէտք է համոզի Ա.Մ.Ն.-ին, որպէսզի Վաշինգթոնը հասկանայ՝ անհրաժեշտ է համախպատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղութեամբ: Թուրքերը պէտք է հասկանան, որ շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը: Եթէ Միացեալ նահանգները ճանաչեն Հայոց ցեղասպանութիւնը, ապա դա մեծ ազդեցութիւն կունենա»,- ասել է Ռուքէն:

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը պէտք է ստիպի, որպէսզի աշխարհը ճանաչի այդ ողբերգական իրադարձութիւնների փաստը: «Եւ Բարաք Օբաման, առաջին հերթին, պէտք է անի դա, չէ որ նա խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը եւ չի կատարել խոստումը»,- յիշեցրել է ֆրանսիացի սենատորը՝ միեւնույն ժամանակ, շեշտելով, որ Էրդողանը շատ լաւ գիտի՝ Օբամայի համար շատ դժւար կը լինի չճանաչել Հայոց ցեղասպանութիւնը: