Աղբիւր՝ www.hyeli.com

 

Հայոց ցեղասպանութեան ինստիտուտ-թանգարանը ներառւել է «Դը Քալչրալ Թըրիփ» կայքի կազմած աշխարհի առաւել կարեւոր յիշատակի թանգարանների տասնեակի մէջ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ կայքում Հայոց ցեղասպանութեան ինստիտուտ-թանգարանի հետ ցուցակում տեղ են գտել Լեհաստանի Աուշւից-Բիրկենաուն, Սենեգալի «Ստրուկների տունը», Ճապոնիայի Հիրոշիմայի խաղաղութեան յիշատակի թանգարանը, Չիլիի Յիշատակի եւ մարդու իրաւունքների թանգարանը, Կամբոջայի Տուոլ Սլենգի ցեղասպանութեան թանգարանը, Իսրաէլի «Եադ Վաշեմ» Հոլոքոստի թանգարանը, Չինաստանի Նանջին քաղաքի Կոտորածի յիշատակի թանգարանը, Հարաւային Աֆրիկայում` Ապարտեիդի թանգրանը, Ա.Մ.Ն.-ում` Սեպտեմբերի 11-ի յիշատակի թանգարանը:

«Հայերէն Մեծ եղեռն կոչւող Հայոց ցեղասպանութիւնը եղել է թերեւս մեծագոյն ողբերգութիւնը, որը երբեւէ հարւածել է հայ ժողովրդին: Թուրքական կառավարութեան կողմից 1915 թւականին 250 բարձրաստիճան հայ առաջնորդների ու մտաւորականների սպանութիւնը խորհրդանշեց հայերի ջարդերի սկիզբը, որ տարել է մէկ միլիոն մարդու կեանք, կանանց եւ երեխաներին ծրագրաւորւած մահւան աքսորը դէպի արեւելեան անապատներ, մինչդեռ առաւել աշխատունակ տղամարդիկ պարտադրւած են եղել կատարել ծանր աշխատանքներ:

Երեւանում Հայոց ցեղասպանութեան թանգարանը օգնում է կատարել պատկերաւոր շրջայց պատմութեան միջոցով՝ սկսած ցեղասպանութեանը նախորդող ժամանակաշրջանից մինչեւ սրտաճմլիկ հարցազրոյցներ, ականատեսների վկայութիւններ եւ ֆիլմեր, որոնք պատկերում են Ցեղասպանութիւնը վերապրածների տառապանքները:

Ներկայումս թանգարանում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, սակայն այն կրկին բացւելու է 2015 թ-ի գարնանը»,- հաղորդում է կայքը:

«Դը Քալչըր Թըրիփ» կայքի հրապարակած ցուցակում ընդգրկւած թանգարանների ներկայացման հիմք է դարձել այն, որ ոգեկոչումը հիմնարար մաս է ողբերգութեան հետեւանքների հետ առնչման գործում: Նշւած տասը թանգարաններն ու յիշատակի սրահներն իրականացնում են նշանակութիւն ունեցող մշակութային իրազեկման, հասարակական ուսուցման եւ, ի վերջոյ, յիշատակի պահպանման աշխատանքները: