Աղբիւր՝ www.asbarez.com

 

Պոլսի Շիշլի թաղամասի շարժապատկերի սրահում ցուցադրւեց 20-րդ դարի հայ ականաւոր կին մտածողներից Զաբէլ Եսայեանի կեանքի մասին պատմող «Գտնել Զաբէլ Եսայեանին» վաւերագրական ֆիլմը: Լարա Ահարոնեանի եւ Թալին Սուճեանի կողմից պատրաստւած ժապաւէնը ներկայացւել է «1908-1909 Թեսաղոնիկէից Ադանա՝ յոյսեր եւ անկումներ» ցուցահանդէսի ծիրում:

Ֆիլմում ներկայացւել են Եսայեանի կեանքի կարեւոր դրւագները՝ Պոլսում անց կացրած մանկութիւնն ու պատանեկութիւնը, ուսանողական տարիները Փարիզում, ամուսնութիւնը, երեխաները, նրա աշխատանքը 1909-ի Ադանայի կոտորածներն ուսումնասիրող խումբի մէջ, 1915-ին Հայոց ցեղասպանութիւնից փախուստը, Կովկասի եւ Միջին արեւելքի մէջ Ցեղասպանութիւնից յետոյ հաւաքւած որբերի եւ վերապրածների յիշողութիւնների գրառումը, այնուհետեւ Խորհրդային միութիւն մուտք գործելը, աքսորը սթալինեան ռեժիմի կողմից եւ անյայտ պայմաններում մահը:

Ֆիլմում օգտագործւել են Եսայեանի ընտանիքի անդամների յուշերը, նրա գրութիւնները, գրաքննադատական մեկնաբանութիւններ, պետական արխիւային նիւթեր, ինչպէս նաեւ ձայնագրութիւններ եւ լուսանկարներ: