Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Վաթիքըն Ինսայդըր»-ը օգոստոսի 15-ի իր թւում հաղորդել է, որ Հայոց ցեղասպանութեան մասին սահմռկեցուցիչ վկայութիւններ են հրատարակւելու մի գիրքում: Այս լուրը հրապարակւել է «Լիւքս Արքանա» ցուցահանդէսի ներկայացման ընթացքում. վերջինս աշխարհի ամենից հին արխիւներից մէկի գանձերն է ցուցադրելու:

Օրաթերթը նշում է, որ Վաթիքանի գաղտնի արխիւներում պահւել են փաստաթղթեր, որոնք պատմում են Համաշխարհային Ա պատերազմի ընթացքում Օսմանեան կայսրութեան կողմից հայերի դէմ գործւած «աննախադէպ եւ ցնցիչ ցեղասպանութեան» մասին: Փաստաթղթերը մօտ օրից հրապարակւելու են Վաթիքանի արխիւների բաժանմունքի կողմից խմբագրւած մի գիրքի մէջ: Յառաջիկայ Փետրւարին նախատեսւած «Լիւքս Արքանա» ցուցահանդէսի ընթացքում, առաջին անգամը լինելով հանրութեանն է ներկայացւելու աշխարհի ամենից հին եւ համապարփակ արխիւներից մէկի գանձերը:

Գաղտնի արխիւների պատասխանատու Սերջիօ եպս. Փագանօն յայտնեց, որ վկայութիւնները «մանրամասն» կերպով ներկայացնում են «հայերի դէմ թուրքերի ի գործ դրած չարչարանքները»: Նա իբրեւ օրինակ նշեց, որ օսմանցի զինւորները գրաւ էին դնում «յղի կանանց արգանդի մէջ եղած մանուկների սեռի վրայ՝ նախքան արգանդը բանալն ու նոյն դանակով մանուկներին սպանելը»: Նա նշում է, որ այդ դրւագներն «ինձ՝ մարդ լինելուս համար, ամօթով են լցնում, եւ եթէ հաւատքը չլինէր, միայն խաւար էին տեսնելու»:

Օրաթերթը գրում է, որ այդ փաստաթղթերի հրապարակումը Վաթիքանի եւ Թուրքիայի միջեւ լարւածութիւնը սրելու է։