Աղբիւր՝ www.asbarez.com

 

Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի արդիւնքների հիման վրայ որդեգրւել է բանաձեւ, որ ուղղորդիչ է լինելու Հայաստանի Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան համար՝ երկու տարիների ընթացքում: Հայաստանի Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնից յայտնել են, որ, համաձայն բանաձեւին, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ կրթութեան ոլորտում միասնական գիտակցութեամբ գործելու, Հայաստան-Սփիւռք կրթական յարաբերութիւնները ամրապնդելու նպատակով 17 լիագումար նիստերի ընթացքում եւ 4 ենթայանձնախմբերի մէջ կազմակերպւած միացեալ քննարկումների ընթացքում ներկայացւած առաջարկների հիման վրայ մշակւել է Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած աշխատանքների ուղղութիւն, որի համաձայն, Սփիւռքի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կրթութեան բոլոր օղակներում պէտք է յատուկ կարեւորութիւն տրւի նոր սերնդին՝ Հայոց ցեղասպանութեան եւ Հայ դատի վերաբերեալ ճշմարիտ պատմական գիտելիքների փոխանցման եւ մնայուն կերպով պահանջատէր լինելու դիրքորոշման՝ գերխնդիր դարձնելով ճանաչման, դատապարտման եւ հատուցման ուղենիշը:

Հայոց ցեղասպանութեան հարցերին պէտք է.

- Անդրադառնալ հայագիտական դասընթացքներում՝ շեշտը դնելով Ցեղասպանութեան պատճառների, նախապատմութեան, ընթացքի, հետեւանքների, ինչպէս նաեւ բացասական ազդեցութիւնների վերացման, դատապարտման եւ հատուցման գիտակցման ձեւաւորման վրայ։

- Հայոց ցեղասպանութեան պատմական իրողութիւնն ու նրա իրաւական կողմերը դիտարկել աշխարհում տեղի ունեցած եւ ճանաչում ստացած ցեղասպանութիւնների պարունակի մէջ:

- Ստեղծել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ուսումնական օժանդակ տարատեսակ նիւթեր՝ նկատի առնելով թիրախային խմբերի հոգեբանական առանձնայատկութիւնները:

- Քաջալերել Հայոց ցեղասպանութեան մասին եւ նրան առնչւող գեղարւեստական, վաւերագրական, ճանաչողական հայերէն եւ օտար գրականութեան հրատարակումն ու տարածումը:

- Ուսուցիչների, մանկավարժական որակաւորում տւող համալսարանների ուսանողների համար նախատեսել ուսումնական նիւթեր Հայոց ցեղասպանութեան մասին, ծանօթացնել համապատասխան միջազգային համաձայնագրերը, բանաձեւերը, ուխտերը եւ նրանց իրաւական բովանդակութիւնը:

- Նպաստել Հայոց Ցեղասպանութեան զոհերի ժառանգորդների կրած հոգեբանական հետեւանքների ուսումնասիրութեան եւ նրանց վերացման աշխատանքներին:

- 2015-ին իրականացւելիք կրթա-մշակութային նախաձեռնութիւնները նւիրել Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին:

- Մշակել եւ ուսուցիչներին տրամադրել բազմաբնոյթ նիւթեր Հայոց հերոսամարտերի, մասնաւորապէս, Արցախեան ազատամարտի դրւագների եւ հերոսների մասին: