Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

«Հոգեկան անհուն ուրախութեամբ ուզում եմ հաստատել, որ ահաւասիկ Հայոց ցեղասպանութեան եւ որբերի նւիրւած այս թանգարանի շինութիւնը հասել է իր վերջին հանգրւանին»,- յայտարարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը, հինգշաբթի՝ 31 յուլիս 2014-ի առաւօտեան, Թռչնոց Բոյնում, Ջիբէյլ:

Թանգարանի շինարարական ու գեղարւեստական յանձնախմբերի ներկայութեամբ շարունակելով իր խօսքը, Վեհափառ Հայրապետն ասաց. «Հայոց ցեղասպանութեանը նւիրւած թանգարաններ կան, եւ տակաւին նորերն էլ հաստատւում են, Հայաստանի թէ Սփիւռքի մէջ, սակայն, Հայոց ցեղասպանութեանը եւ որբերին նւիրւած այս թանգարանը եզակի է՝ իր բնոյթով ու նպատակով: Ցեղասպանութեան մասին խօսելով, յաճախ մոռանում ենք մեր հազարաւոր որբերին. ահաւասիկ այս թանգարանի ճամբով մեր որբերն իրենց որբացած կեանքով, սակայն ամուր հաւատով ու վճռականութեամբ, մեր հաւաքական յիշողութեան եւ գիտակցութեան մէջ վառ պիտի մնան: Չմոռանանք երբեք, որ Թռչնոց Բոյնի եւ մեր այլ որբանոցների մէջ հաստատւած ծնողազուրկ մեր ազգի այս զաւակներն էին, որոնք ո՛չ միայն վերակազմակերպեցին հայրենազուրկ մեր ժողովրդի կեանքը, այլեւ դարձան ռահվիրաները մեր ժողովրդի վերածննդեան ու նրա արդար իրաւունքների վերատիրացման նւիրական դատին»:

Նորին Սրբութիւնը ողջունելուց յետոյ Հայոց ցեղասպանութեան եւ որբերի թանգարանի յանձնախմբերին, նախագահեց ամբողջ մէկ օր տեւած ժողովական աշխատանքները:

Յայտնենք, որ յանձնախումբին մաս են կազմում Կաթողիկոսարանի ճարտարապետները, պատմաբաններ ու հնագէտներ: Թանգարանի շինութեան բարերարութիւնն ստանձնել են Զւիցերիայից տէր եւ տկն. Ալեքքօ եւ Անի Պէզիկեանները: Թանգարանը կունենայ երեք բաժին՝ նւիրւած Հայոց ցեղասպանութեան, որբերի կեանքին եւ հայ ժողովրդի վերածնունդին: Թանգարանի մէջ, գեղարւեստական մօտեցումով եւ արդիական ճարտարագիտութեան կարելիութիւնների լայն օգտագործումով զետեղւելու են նկարներ, տեղեկութիւններ եւ իրեր՝ երաժշտութեամբ ներդաշնակւած: Թանգարանի մուտքին կը տեղադրւի Մարիա Ջէյքոբսընի դամբարանը, որ Թռչնոց Բոյնի հիմնադիրը եւ հազարաւոր որբերի «մայր»-ն է դարձել, եւ նրա կողքին՝ 1929-1953 ժամանակաշրջանում մահացած որբերի դամբարանը:

Օրին յանձնախումբը կոչ է ուղղել բոլոր նրանց, ովքեր Թռչնոց Բոյնին կամ ընդհանրապէս որբերին առնչւած փաստաթուղթեր (նկար, վկայագիր, հաստատագիր, վիճակացոյց եւ այլն) եւ գոյքեր ունեն, խնդրելով դրանց տրամադրել թանգարանին, առ ի ցուցադրութիւն: Նոյն կոչը դարձեալ կրկնում ենք:

Թանգարանի շինութիւնն իր աւարտին կը հասնի յառաջիկայ վեց ամիսների ընթացքում: