Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Լոյս է տեսել «Հայոց ցեղասպանութիւնն Օսմանեան Թուրքիայում. ականատեսների վկայութիւններ» եռահատոր փաստաթղթերի ժողովածուի թուրքերէն տարբերակը: «Վան» հասարակական կազմակերպութեան հրապարակած առաջին ուսումնասիրութիւնից յետոյ, որն ամփոփում էր Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգների եւ Պարսկահայքի շրջանի վերապրողների՝ 1916 թւականին հաւաքած 602 վկայութիւններ, 2013 թւականին առանձնացւեց եւ մէկ գրքով անգլերէն տպագրւեց 145 վկայութիւն:

Իսկ հիմա արդէն Թուրքիայում Ռագըփ Զարաքօլուն հրատարակել է դրա թուրքերէն թարգմանութիւնը: Նիւթերը վերցւած են Հայաստանի ազգային արխիւից:

Թուրքերէն տարբերակի հայաստանեան շնորհանդէսին նախորդած ասուլիսում հրատարակիչ Զարաքօլուն ասել է, որ 1500 օրինակով տպագրւած գիրքը նախատեսում է տարածել Թուրքիայում, ինչի համար ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական արգելքներ կան, սակայն ցանկացողը կարող է ձեռք բերել նաեւ համացանցի միջոցով:

Հրատարակիչը նշել է, որ Թուրքիան ցանկանում է պատմութեան ցեղասպանութիւն իրագործել. հին փաստաթղթերը ոչնչացնում է, ստեղծում նորերն՝ իր նոր չափանիշներին համահունչ, եւ քարտէզներից, բառարաններից, գրքերից, գրաւոր բոլոր վկայութիւնից ցանկանում են ջնջել հայերի մասին տեղեկութիւնները:

«Երբ սկսեցինք Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ առաջին գրքի հրատարակութիւնը, թուրք հանրութեան մէջ միայնակ էինք. տպագրելուց յետոյ մեր դռնից ներս մտնելու համարձակութիւն ունեցան միայն երկու տարեց հայեր: Գիրքն արգելւեց, յետոյ գաղտնի տպագրեցինք: Երրորդ քաջը, որը ներս եկաւ, Հրանտ Դինքն էր: Նա յանձն առավ 1000 օրինակ գաղտնի տարածել: Հրանտ Դինքն իր պայքարը շարունակեց եւ կեանքով հատուցեց գաղափարների համար: Բայց թուրք հանրութեան մէջ արդէն նկատւում են փոփոխութիւններ՝ հենց վերնախաւից սկսած»,- ասաց իրաւապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն։