Թշնամին Սիւնիքի Իշխանասարի Սեւ լճի տարածքից կիլոմետրերով առաջ է եկել եւ կանգնել` ըստ Yerkir.am-ի հաստատել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Եօլեանը:

Նա նշել է, որ Իշխանասարի հատւածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դէպի Վերիշէն բնակավայր․ հարիւրներով շարւած են:

«Եթէ GPS-ով Սեւ լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտօնեալ համարում, որ որոշել են հասնել մինչեւ բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ: Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կը հերքի, բայց լսէք սիւնեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթէ շարունակենք այս վտանգաւոր անտարբերութիւնը»,- ահազանգել է Իրինա Եօլեանը:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Յովսէփեանը փաստել է, որ թշնամին Սեւ լճի տարածքում առաջ գալով` փորձ է կատարում տեղակայւելու:

«Ի դէպ, ասեմ, որ Սեւ լճի մեծ մասը մեզ է պատկանում նոյնիսկ ալիեւանիկոլական քարտէզներով»,- նշել է նա:

Սեւ լճի տարածքում գտնւող արհեստական ջրամբարից է իրականացւում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը․նշւած քարտէզներով ադրբեջանցիներին է անցնում ջրամբարի պլատինան:

«Փոխարէն ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ եւ սուտ յայտարարութիւններ տարածելուն լաւ կը լինէր ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացւող խնդիրներին ականջ դնէիք, ամօթի զգացում ունեցէք...է»-ասել է Գորիսի փոխքաղաքապետը:

Սիւնեցիները նշում են, որ օրեր առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի զինւած ուժերի միջեւ դիրքային մարտեր են ընթացել Սիսիան քաղաքի արեւելքում գտնւող Իշխանասար եւ Ուխտասար սարերի միջնատարածքում: Իշխանասարի հատւածում այսօրւայ` զինւած բախումների մասին տեղեկութիւնները զուգակցւում են տարածքում ակտիւացած ռազմական ուղղաթիռների թռիչքներով:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը հաստատել է, որ այսօր վաղ առաւօտեան, «սահմանների ճշգրտման» հիմնաւորմամբ, ադրբեջանցիները փորձել են որոշակի աշխատանքներ իրականացնել Սիւնիքի սահմանային հատւածներից մէկում, բայց հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից յետոյ ադրբեջանական զինւորականները դադարեցրել են այդ աշխատանքները:

ՊՆ-ն, սակայն, հերքել է, որ այս պահին մարտեր են ընթանում Իշխանասարի ուղղութեամբ, ասել է` այս պահին ընթանում են բանակցութիւններ` ստեղծւած իրավիճակը հարթելու ուղղութեամբ:

Հայկական կողմից վիրաւորներ լինելու մասին լուրերը առայժմ պաշտօնապէս չեն մեկնաբանում:

Սիւնիքի նախկին մարզպետ Վահէ Յակոբեանի տեղեկութիւններով` այս գիշեր ադրբեջանցիները մեծ զօրքով բարձրացել են Իշխանասարի Սեւ լճի հատւած եւ հայկական այնտեղի յենակէտը ընկել է շրջափակման մէջ:

«Որքան տեղեակ եմ` ռուսները մօտենում են այնտեղ, որ բանակցութիւններ տանեն: Որքան տեղեակ եմ` վիրաւորներ կան այնտեղ, բայց դա ստոյգ չէ: Ըստ երեւոյթին, երբ իրենց ոչ ոք չի դիմադրում, առաջ են գալիս, որ հասնեն Երեւան, դա է իրենց ուզածը»,-ասել է նախկին մարզպետը:

Սիւնիքի գործող մարզպետի մեկնաբանութիւնը, ըստ լրատւամիջոցների, հետեւեալն է․ «նման տեղեկութիւն ես չեմ իմանում»:

Աւելի վաղ Yerkir.am-ը ներկայացրել էր Մենուա Յովսէփեանի հարցազրոյցը:

Նշենք, որ Իշխանասար գիւղը Սիսիան համայնքի կազմում է, Իշխանասարի փէշերին: Բայց միջադէպը այդտեղ չի եղել, այլ Սեւ լճի շրջանում` Իշխանասարի փէշին: Սեւ լճի մեծ մասը անգամ Խորհրդային քարտէզներով` Հայաստանի տարածքում է: