Աղբիւր՝ www.alikonline.ir 

«alikonline.ir» - ԼՂ հակամարտութեան կարգաւորման Իրանի նախագիծը հիմնւած է հումանիտար սկզբունքների վրայ: Այս մասին այսօր՝ վաղ առաւօտեան Մոսկւա ժամանելուց յետոյ յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ, ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցով Իրանի յատուկ բանագնաց Սէյէդ Աբբաս Արաղչին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Թեհրանի նախագիծը հիմնւած է հումանիտար սկզբունքների վրայ եւ հաշւի է առնում ներգրաււած կողմերի ցանկութիւնները»,- ասել է Արաղչին՝ յաւելելով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին 30 տարիների ընթացքում չեն կարողացել ոչինչ անել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտութիւնը կարգաւորելու համար, իսկ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր նախաձեռնողական ծրագրով եւ տարածաշրջանային համագործակցութեամբ փորձում է վերջ տալ Բաքւի եւ Երեւանի միջեւ հակամարտութեանը: Մեզ, իհարկէ, բարդ առաջադրանք է սպասւում»:

Իրանցի բարձրաստիճան դիւանագէտը յստակեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ներգրաււած արտաքին խաղացողները (ԱՄՆ, Ֆրանսիա) հեռու են տարածաշրջանից եւ ոչ միայն քաղաքականապէս, այլեւ հոգեբանական եւ բարոյական առումով որեւէ կապ չունեն տարածաշրջանի հետ եւ ցանկութիւն չունեն հասնել Ղարաբաղում խաղաղութեան կայացմանը:

«Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջարկած նախագիծը հիմնւած է հումանիտար սկզբունքների վրայ, ներառեալ՝ զինադադարի հաստատումը, քաղաքացիական բնակավայրերի վրայ յարձակումների դադարեցումը եւ տեղահանւածների վերադարձն իրենց բնակավայրեր: Մենք ներկայացնում ենք ԼՂ հակամարտութեան կարգաւորման մեր նախագիծը եւ սպասում ենք հակամարտութեան կողմերի պատասխանին»,- ասել է Արաղչին: 

Նշենք, որ ԱԳՆ տեղակալը երէկ՝ հոկտեմբերի 28-ին Իրանի նախագիծը ներկայացրել է Բաքւում, որը ըստ նրա՝ ընդառաջւել է Ադրբեջանի ղեկավարութեան կողմից: Արաղչին, այսօր, նախագիծը կը ներկայացնի Մոսկւայում, որից յետոյ կայցելի Երեւան եւ Անկարա: