Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Վենետիկի յանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն յայտարարութիւն է տարածել Հայաստանի ընտրական օրէնսգրքի նախագծի վերաբերեալ: Յայտարարութեան մէջ ասւում է.

«Վենետիկի յանձնաժողովի եւ Հայաստանի առաջին փոխվարչապետի միջեւ 116-րդ նստաշրջանում կայացած քննարկումների արդիւնքում յանձնաժողովն ընդունում եւ աջակցում է խաղաղ ձեւաչափը, որով հայ ժողովուրդն իրականացնում է փոփոխութիւնները:

Ճանաչում է Հայաստանում տիրող առանձնայատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղ ընտրութիւնների անցկացում:

Ողջունում է Հայաստանի իշխանութիւնների` Ընտրական օրէնսգիրքը վերանայելիս միջազգային ստանդարտներին հետեւելու յանձնառութիւնը:

Նկատում է, որ առաջարկւած փոփոխութիւնները լեգիտիմ նպատակներ են հետապնդում եւ դրական են թւում:

Մասնաւորապէս ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկւում են ընտրելու իրաւունքը դիւրացնելու, մամուլի հասանելիութիւնն ընդլայնելու, ընտրական գործընթացի առաւել թափանցիկութիւնն ու դիտորդների իրաւունքներն ապահովելու եւ ընտրական կեղծիքի դէմ պայքարելու համար:

Ողջունում է ընտրութիւնների առաջին փուլից յետոյ կոալիցիաներ կազմելու մասնակիցների թւի սահմանափակման վերացումը` ըստ Վենետիկի յանձնաժողովի եւ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրաւունքների գրասենեակի առաջարկութիւնների:

Ողջունում է Վենետիկի յանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկութիւնների կիրառումը, որը ենթադրում է.

-ընտրական շեմի եւ ընտրական գրաւի վերադարձման նւազեցում, ընտրական գրաւի գումարի նւազեցում,

- դիտորդների ու մամուլի ներկայացուցիչների հաւատարմագրման վերջնաժամկէտների նւազեցում, ինչպէս նաեւ դիտորդների աշխատանքի խոչընդոտների  վերացում,

- զինւած ուժերում ազատ քւէարկութեան ապահովման երաշխիքներ:

Յիշեցնում է Վենետիկի յանձնաժողովի վերապահումները` կապւած ընտրական համակարգում խոշոր փոփոխութիւնների հետ, ինչպիսիք են տարածքային ցուցակների վերացումը ընտրութիւններին նախորդող 1 տարուայ ընթացքում:

Նշում է, որ այս վերապահումները պակաս կարեւոր են, եթէ քաղաքական ուժերի միջեւ առկայ է կոնսենսուս փոփոխութիւնների վերաբերեալ»: