Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Այսօր Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանին, ով ներկայացրել է իր հրաժարականը` կապւած պաշտօնական դիրքը չարաշահելու իր դէմ առաջադրւած մեղադրանքի հետ:

Նախագահ Արմէն Սարգսեանը, որպէս Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտութիւն է ընդունել Արա Վարդանեանի հրաժարականի դիմումը:

Ըստ սահմանւած կարգի` դիմումը կուղարկւի Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար, որից յետոյ կը ստեղծւի յատուկ յանձնաժողով, որը մրցութային կարգով պէտք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրէն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծւած իրավիճակի կապակցութեամբ Հանրապետութեան նախագահը գտնում է, որ երրորդ հանրապետութեան ծնունդից ի վեր հիմնադրամը կարեւոր եւ օգտակար ծրագրեր է իրականացրել` իր շուրջը համախմբելով ազգային եւ հոգեւոր կառոյցների, բարերարների եւ հարիւր հազարաւոր անհատների: Ուստի, հիմնադրամը դեռեւս առաքելութիւն ունի իրագործելու Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի կեանքում:

Սակայն, պարզ է նաեւ, որ հիմնադրամը կարիք ունի կազմակերպական եւ կոնցեպտուալ նոր մօտեցումների, որոնք առաւել կը բարձրացնեն նրա արդիւնաւէտութիւնը, վստահութիւնը եւ կշիռը:

Եւ իզուր չէ, որ Հանրապետութեան նախագահը Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ս/թ մայիսի 25-ի նիստի ժամանակ երեք ամիս ժամանակ էր տւել ներկայացնելու Հիմնադրամի արմատական բարեփոխումների առաջարկներ:

Ըստ այդմ, նախագահ Արմէն Սարգսեանը յոյս ունի, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կը յաղթահարի այս փորձութիւնը եւ դրանից դուրս կը գայ նորացւած` արժանի Նոր Հայաստանի ձգտումներին եւ մարտահրաւէրներին: