Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Վրաստանի իշխանութիւնները շաբաթ՝ փետրւարի 1-ին արգելել են ջաւախքեան հիմնախնդրով զբաղւող յայտնի փորձագէտ Վահէ Սարգսեանի մուտքը երկրի տարածք: Բաւրա-Նինոծմինդա մաքսային անցակէտում Վրաստանի պարեկային ոստիկանութեան ծառայողները նրան տեղեկացրել են, որ վրացական կողմի կարծիքով, Վահէ Սարգսեանը վտանգ է ներկայացնում այդ պետութեան քաղաքացիների համար:

Լրատւամիջոցների հետ զրոյցում Վահէ Սարգսեանը նշել է, որ Ջաւախքում պէտք է մասնակցէր ընկերոջ հարսանիքին: Անցակէտում երկարատեւ ստուգումներից Վահէին յանձնել են անցակէտի պատասխանատու Զազադեի ստորագրութեամբ փաստաթուղթ, որտեղ խիստ ընդհանուր ձեւակերպումներով նշւած է Վրաստան նրա մուտք գործելու արգելքի պատճառները:

Վահէ Սարգսեանը պատմական գիտութիւնների թեկնածու է եւ տարիներ շարունակ զբաղւել է բացառապէս գիտական եւ վերլուծական գործունեութեամբ: Նրա հետազոտութիւնների հիմնական թեմաները Ջաւախքի հիմնախնդիրներն ու հայ-վրացական յարաբերութիւններն են:

Նախորդ շաբաթ Վահէ Սարգսեանը «Երկրի հարցը» ծրագրի հիւրն էր, եւ քննադատաբար էր խօսել Վրաստանի վարած քաղաքականութեան մասին: Ըստ Վահէի, իշխանութիւններրն արգելում են Հայաստանից Վրաստան անգամ օրացոյց տանելը: