Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնաւուրն աշխարհին յիշեցրել է 1988 թուականի սոսկալի երկրաշարժի մասին: Երգիչն իր ֆեյսբուքեան պաշտօնական էջում տարածել է «Քեզ համար, Հայաստան» («Pour toi Armenie») երգը:

«1988 թուականի դեկտեմբերի 7-ի սարսափելի երկրաշարժը Հայաստանում աւերածութիւններ պատճառեց, ինչը յանգեցրեց նրան, որ տասնեակ հազարաւոր մարդիկ զոհուեցին, եւ հարիւր հազարաւորներ մնացին առանց կացարան»,- տեսայոլովակին կցուած գրառման մէջ նշել է Ազնաւուրը:

1988 թուականի երկրաշարժից Շառլ Ազնաւուրի հիմնադրած «Ազնաւուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը («Aznavour pour l’Armenie») մշտապէս աջակցութիւն է ցուցաբերել երկրաշարժից տուժածներին եւ շարունակում է ակտիւ գործունէութիւն ծաւալել: 1993-ին հիմնադրամը գրասենեակ է բացել Երեւանում:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում «Ազնաւուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամի հայաստանեան ներկայացուցչութեան տնօրէն Ժերար Մարկոսեանը տեղեկացրեց, որ հիմնադրամը շարունակում է ակտիւ գործունէութիւն ծաւալել:

«Ցաւօք, մենք չենք կարողանում երկրի բոլոր խնդիրները եւ երկրաշարժի հետեւանքները լուծել: Աշխատանք կայ տանելու, որ երկրաշարժի հետեւանքները լրիւ վերանան: Հիմնադրամն առողջապահական եւ գիւղատնտեսական ծրագրեր է իրականացնում, աջակցում հիւանդ երեխաներին, ինչպէս նաեւ խթանում, որ մարդիկ իրենց հողերը մշակեն»,- նշեց նա: