Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ադրբեջանի հերթական ահաբեկչական գործողութիւնն անհետեւանք չի մնայ: Այս մասին յայտարարութիւն է տարածել Հայաստանի ՊՆ-ն՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից մարտական յենակէտում հայ զինծառայողների զոհուելու փաստին:

Հայաստանի ՊՆ յայտարարութիւնում ասւում է.

«ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը խորին ցաւակցութիւն է յայտնում  նոյեմբերի 12-ին ՊԲ հարաւային ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտում, հակառակորդի կողմից արձակուած կրակոցներից, մահացու հրազէնային վիրաւորում ստացած զինծառայողներ Վահէ Վարդգէսի Վանոյեանի եւ Միքայէլ Առաքելի Թորոսեանի հարազատներին եւ կիսում է կորտսեան ծանր վիշտը:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը խստագոյնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական բնոյթ ունեցող գործողութիւնը: Գիտակցելով, որ տուեալ գործողութիւնն անհետեւանք չի մնալու եւ մեղաւորները պատժուելու են՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման:

Միաժամանակ, ուշադրութիւն ենք հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ Ադրբեջանի կողմից շփման գծում իրադրութեան ապակայունացմանն ուղղուած քայլերը օրըստօրէ ինտենսիւանում են այդ երկրում ընտրական գործընթացների աւարտից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից անմիջապէս յետոյ, ինչը եւս մէկ անգամ փաստում է այդ պետութեան իշխանութիւնների կողմից ԼՂ խնդրի կարգաւորան հարցում ապակառուցողական մօտեցման, միջնորդական առաքելութեան յորդորների անտեսման եւ միջազգային իրաւունքի նորմերի ոտնահարման մասին: