Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Այս տարուայ սեպտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ Անկախ պետութիւնների համագործակցութեան երկրներում, ընդհանուր առմամբ, սպառողական ապրանքների գներն աճել են 14.3 տոկոսով, այդ թւում` պարէնային ապրանքներինը` 12.4 տոկոսով. 2014թ. սեպտեմբերին նախորդ տարուայ դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 7.9 տոկոս եւ 9.1 տոկոս: Ընդ որում, Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որտեղ 2015թ. սեպտեմբերին նախորդ տարուայ դեկտեմբերի համեմատ գրանցուել է գնանկում, որն ընդհանուր սպառողական ապրանքների պարագայում կազմել է 2 տոկոս, իսկ պարէնային ապրանքների պարագայում` 6.2 տոկոս: Առաւելագոյն գնաճ արձանագրուել է Ուկրաինայում, որտեղ սպառողական ապրանքների գներն աճել են 41.4 տոկոսով, պարէնային ապրանքներինը` 34.2 տոկոսով: Ռուսաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 10.4 տոկոս եւ 10.2 տոկոս, Ադրբեջանում` 2.6 տոկոս եւ 3.4 տոկոս:

Ինչպէս «Արմէնպրես»-ը տեղեկացաւ ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտէից, եթէ այս տարուայ սեպտեմբերին օգոստոսի համեմատ Հայաստանում սպառողական գները մնացել են անփոփոխ, ապա ԱՊՀ երկրներում  միջին գնաճը կազմել է 0.7 տոկոս, առաւելագոյն գնաճ արձանագրուել է Մոլդովայում` 2.1 տոկոս, որին հետեւում են Բելառուսը` 1.5 տոկոս, Ուկրաինան` 1.2 տոկոս: Ռուսաստանում եւ Ադրբեջանում ամսական գնաճը կազմել է, համապատասխանաբար, 0.4 տոկոս եւ 0.6 տոկոս: