Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Լոյս է տեսել «Հայաստանի Հանրապետութեան պատմական հանրագիտարանը», որն ամփոփում է տեղեկութիւններ Հայաստանի բոլոր բնակավայրերի յուշարձանների մասին:

Համահեղինակ Սամուէլ Յակոբեանն ասում է, որ նիւթերը հաւաքել են 35 տարում: Գրքում եռալեզու համառօտ տեղեկութիւններ կան բնակավայրերի, դրանց աշխարհագրական դիրքի, բնակչութեան, տնտեսութեան մասին եւ հարուստ լուսանկարչական նիւթ:

«Ցանկացած գիւղի համար կայ արբանեակային կամ իմ նկարած քարտէզը: Եթէ ուշադրութիւն դարձնէք, յուշարձանները նկարուած են իրենց շրջապատով՝ ոչ միայն եկեղեցին, խաչքարը, որովհետեւ, դրանք կարող են անհետանալ ինչ-ինչ պատճառներով, ինչպէս մինչեւ հիմա եղել է, իսկ այսպէս աւելի հեշտ կը գտնեն գիւղի տեղը: Միայն յուշարձանները կարող ենապացուցել, որ այդ տարածքում ապրել է այդ ժողովուրդը»,- ասաց գրքի համահեղինակ Սամուէլ Յակոբեանը։

Գրքում, ընդհանուր հաշուով, մօտ 24 հազար յուշարձանի մասին է խօսւում, այդ թւում՝ տարբեր ազգերին պատակնող: Հանրագիտարանում ընդգրկուած են նաեւ կրթօջախներ, թանգարաններ, խոշոր գործարաններ:

Սամուէլ Յակոբեանն ասում է, որ իրենց նպատակն էր ստեղծել Հայաստանի մշակութային ժառանգութեան անձնագիրը, որով մեր երկիրը ճանաչելի կը լինէր բոլորին: Գրքում հակիրճ ներկայացուած են նաեւ հարեւան երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի հայկական յուշարձանները, նաեւ՝ Արցախն ու Կիլիկեան Հայաստանը: Բայց պատմական Հայաստանին ու Արցախին հեղինականերն անդրադառնալու են առանձին գրքերով: