Աղբիւր՝ www.artsakhpress.am

 

ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը հոկտեմբերի 13-ին ընդունել է գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչնին եւ Նիւ Եօրքի «Վլադիմիր Քոչարեան» թատերախմբին:

ՀՀ սփիւռքի նախարարութեան մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան փոխանցմամբ՝ ողջունելով հիւրերին՝  նախարարն ասել է. «Ուրախ եմ հանդիպել յարգարժան գրողին եւ «Վլադիմիր Քոչարեան» թատերախմբին: Ուրախ եմ նաեւ, որ Կարինէ Քոչարեանի ջանքերով թուրք գրողի «Հոգիս ձեզմով կը խայտայ» ստեղծագործութիւնը թատերականացուել է: Ծանօթ եմ գրքի բովանդակութեանը եւ ուզում եմ ընդգծել, որ կարեւոր է, երբ մեզ համար ցաւոտ այս թեմայի մասին գրում են օտարները: Առաւել գնահատելի է թուրք մտաւորականութեան կեցուածքը հարցի վերաբերեալ: Այս իմաստով պարոն Յալչնն ապացուցում է, որ ճշմարտութիւնը նրա համար աւելի կարեւոր է, քան ազգութիւնը:

Մեծապէս գնահատում ենք նրա քաղաքացիական խիզախութիւնը եւ ճշմարտութեան աչքերին ուղիղ նայելու կարողութիւնը: Մենք ափսոսում ենք, որ թուրքական իշխանութիւնները յանցագործութիւնից 100 տարի անց էլ չեն ուզում ընդունել կատարուածը եւ իրենց ուսերից թօթափել մեղքի բեռը: Նրանք միլիոնաւոր դոլլարներ են ծախսում իրենց ժխտողական քաղաքականութեամբ միջազգային հանրութեանը մոլորեցնելու վրայ: Աւելին, այսօր էլ տարբեր դրսեւորումներով ցեղասպանութիւնը շարունակւում է»,- նշեց նախարարը՝ խօսելով Հայաստանի շրջափակման, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնուող հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման, հայրենազուրկ եղած սփիւռքահայութեան ամենօրեայ հոգեկան տուայտանքների եւ այլ իրողութիւնների մասին:

Խորին ցաւակցութիւն յայտնելով 100 տարի առաջ իր ազգակիցների կողմից կատարուած  վայրագութիւնների համար` Քեմալ Յալչնը նշել է. «Ինձ համար պատիւ է Հայաստանում լինելը: Մինչ հայերին իրականում ճանաչելը իմ աշխարհը շատ աղքատ էր: Թուրքիայում երկար տարիներ այդ մասին լռում էին, եւ միայն Գերմանիայում ուսանածս տարիներին ես իմացայ ամբողջ ճշմարտութիւնը: Այդ պահից ի վեր միշտ ունեցել եմ մեղքի զգացում: Ես` որպէս թուրք գրող, ներողութիւն եմ խնդրում հայերից  ցեղասպանութեան համար: Իմ անկեղծ ցանկութիւնն է, որ վերականգնուի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները միացնող  կամուրջը: Ես հաւատում եմ, կը գայ օրը, երբ մենք կը հանդիպենք այդ կամուրջի մօտ եւ բաժակ կը բարձրացնենք բարեկամութեան համար, քանի որ իրականում հայերն ու թուրքերը հարիւրամեակներ շարունակ ապրել են կողք կողքի: Հայերը ստեղծագործ ժողովուրդ են եւ մեծ ներդում ունեն ոչ միայն Թուրքիայի, այլեւ համաշխարհային քաղաքակրթութեան գանձարանում, եւ ի հարկէ, թուրքերը պարտաւոր են այս ամէնի համար երախտիքի խօսքեր ասել հայ ժողովրդին »,- ասաց Յալչինը:

Այնուհետեւ գրողը խօսել է Երեւանից ստացած իր տպաւորութիւնների մասին՝ նշելով, որ չափազանց տպաւորուած է` տեսնելով, թէ ինչպէս Երեւանի փողոցները կրում են գրողների, բարեգործների եւ արուեստագէտների անուններ, մինչդեռ Թուրքիայում դրանք անուանակոչւում են հիմնականում ոճրագործների անուններով: Քեմալը նաեւ յոյս է յայտնել, որ ներկայումս Թուրքիայում սկիզբ առած ժողովրդավարական շարժումները կը զարգանան՝ ներգրաւելով աւելի ու աւելի մեծ թուով մարդկանց, եւ դա կը տայ իր ցանկալի արդիւնքը: «Պատմութիւնը երբեք չի ներում մարդկութեան հանդէպ գործած յանցագործութիւնները: Համատեղ ապրած վիշտը պէտք է դառնայ խաղաղութեան եւ արդարութեան հիմք: Փափագում եմ, որ իմ գրքերը օգտակար լինեն ընդհանուր ցաւը յաղթահարելու ճանապարհին»,-նշել է նա:

Հանդիպման աւարտին նախարար Հրանուշ Յակոբեանը Քեմալ Յալչնին նուիրել է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը խորհրդանշող յուշանուէրներ եւ նախարարութեան կողմից հրատարակուած «Ցաւի, յիշողութեան եւ պայքարի կոթողներ» ալբոմը: Նախարարը նաեւ յաջողութիւն է մաղթել «Վլադիմիր Քոչարեան» թատերախմբին եւ յոյս յայտնել, որ նրանց ներկայացմամբ հայաստանցի հանդիսականները կ'առնչուեն ոչ միայն յիշողութեան ցաւին, այլեւ ճշմարտութեան լոյսին: