Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Նիւ Եորքում ընթացող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), բնակչութեան հիմնադրամի եւ ծրագրերի իրականացման գրասենեակի գործադիր խորհրդի 2014 թւականի նստաշրջանի ժամանակ Հայաստանը 3 տարով` 2014-2016 թւականներին ընտրւել է գործադիր խորհրդի անդամ:

Յունւարի 27-ի նիստին իր ելոյթում՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարէն Նազարեանը որպէս գործադիր խորհրդի նորընտիր անդամ, յայտնել է Հայաստանի լիակատար աջակցութիւնը ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, բնակչութեան հիմնադրամին եւ ծրագրերի իրականացման գրասենեակին նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման հարցում:

Դեսպան Նազարեանը նշել է կայուն զարգացման նպատակների, կլիմայի փոփոխութեան եւ աղէտների ռիսկերի ճշգրիտ գնահատման, արդիւնաւէտ ինստիտուտների եւ կանանց առաջխաղաղացման հարցերի կարեւորութիւնը, որոնք հանդիսանալու են 2015 թւականից յետոյ ընկած ժամանակահատւածի զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս։ Նա կարեւորել է նաեւ յիշեալ ծրագրերի մշակման գործընթացում անդամ պետութիւններին, ՄԱԿ-ի գործակալութիւններին, հասարակական կառոյցներին ներգրաւելու ուղղութեամբ գործադրած ջանքերը:

Բարձր գնահատելով աշխարհի բազմաթիւ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ անփոխարինելի դերը՝ ՀՀ դեսպանը նշել է, որ այն Հայաստանում ներկայումս իրականացնում է երկու տասնեակից աւելի զարգացման զանազան ծրագրեր, որոնք համահունչ են Հայաստանի առաջնայնութիւններին ու զարգացման կարիքներին։