Աղբիւր՝ www.yerkir.am

 

Դատելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկուող ականանետային եւ հրթիռահրետանային հարուածների ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից իրականացուող գնդակոծումների անհամեմատ ինտենսիւ ընթացքից` կարելի է փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը որդեգրել է հակամարտութեան լուծումը խաղաղ բանակցութիւնների սեղանից ուժային դաշտ տեղափոխելու յանցաւոր մարտավարութիւն: Խաղաղ բնակավայրերի վրայ իրականացուող արկակոծումներն ու հայկական դիրքապահների ուղղութեամբ կատարուող նախայարձակ գործողութիւնները, որոնք գնալով կրում են առաւել ցինիկ ու նպատակաուղղուած բնոյթ, ցոյց են տալիս, որ հակառակորդը հակուած է միտումնաւոր ու սադրիչ քայլերով իրավիճակին հաղորդել անկանխատեսելի հետեւանքներով յղի զարգացումներ:

Ելնելով ստեղծուած դրութիւնից` ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը մէկ անգամ եւս համաշխարհային հանրութեան ու յատկապէս ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմամբ զբաղուող միջազգային կառոյցների ուշադրութիւնն է հրաւիրում պաշտօնական Բաքուի կողմից որդեգրած եւ շարունակ կեանքի կոչուող ապակառուցողական ու սադրիչ քաղաքականութեան վրայ եւ տեղեկացնում, որ ստեղծուած իրավիճակից բխող ցանկացած հետեւանքի պատասխանատուութիւն կրելու է ոչ այլ ոք, քան ադրբեջանական կողմը:

***

Աղբիւր՝ www.yerkir.am

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑԻՑ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ Է ԶՈՀՈՒԵԼ

Yerkir.am-ի տեղեկութիւններով այսօր հակառակորդի կրակոցից զոհուել է սահմանամերձ Պառաւաքար գիւղի մի տարէց բնակչուհի: Տեղեկութիւնը մեզ հետ զրոյցում հաստատեցին ոստիկանութիւնից, նշելով, որ նման ահազանգ են ստացել:

Նշենք, որ դէպքի մասին չցանկացաւ խօսել Պառաւաքարի գիւղապետը՝ յայտարարելով, որ խիստ զբաղուած է:

Մանրամասները կը հաղորդենք աւելի ուշ:

***

Աղբիւր՝ www.yerkir.am

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑԻՑ ԶՈՀՈՒԱԾԸ 70-ԱՄԵԱՅ ՊԱՅԾԱՌ ԱՂԱՋԱՆԵԱՆՆ Է

Արդէն տեղեկացրել ենք, որ հակառակորդի կրակոցից զոհուել է Պառաւաքար գիւղի տարէց բնակչուհի: Այս կապակցութեամբ ֆեյսբուքեան օգտատէր Սեւան Աղաջանեանը գրել է. «Քիչ առաջ շարունակուող գնդակոծութիւնների արդիւնքում Տաւուշի մարզի Պառաւաքար գիւղում զոհուել է ՀՀ քաղաքացի: Զոհուել է մեր ընտանիքի մօտ բարեկամ 70-ամեայ Պայծառ Աղաջանեանը: Խորին ցաւ եմ ապրում ընտանիքիս հարազատի կորստի համար։ Պառուաքար գիւղի բնակիչներից գրեթէ շատերը ներկայ պահին գտնւում են նկուղներում, քանի որ գնդակոծութիւնը ներկայ պահին դեռ շարունակւում է»։

***

Աղբիւր՝ www.yerkir.am

ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ԿՐԱԿՈՑԻՑ ԲԵՐԴԱՒԱՆՈՒՄ ԵՒՍ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ Է ԶՈՀՈՒԵԼ

Արդէն տեղեկացրել ենք, որ այսօր հակառակորդի կրակոցից Պառաւաքար գիւղում տարէց բնակչուհի է զոհուել:

Քիչ առաջ տեղեկութիւն ստացանք, որ սահմանամերձ Բերդաւանում եւս խաղաղ բնակիչ է զոհուել: Տեղեկութիւն կայ նաեւ վիրաւորների մասին: Բերդաւանի գիւղապետ Արարատ Գաբրիէլեանը միայն կարողացաւ հաստատել զոհի եւ վիրաւորների մասին մեր ունեցած տեղեկութիւնը:

Այլ մանրամասներ հաղորդել չկարողացաւ: Նշենք, որ զոհի մասին տեղեկութիւնը հաստատեցին նաեւ ոստիկանութիւնից:

***

Աղբիւր՝ www.yerkir.am

ԱՐՑԱԽՈՒՄ 4 ԶԻՆՈՒՈՐ Է ԶՈՀՈՒԵԼ

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրութեան TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկուել ՊԲ-ի հիւսիս-արեւելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասը, որի արդիւնքում բեկորային մահացու վիրաւորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայէլի Խաչատրեանը (ծնուած 1995թ.), Ռոբերտ Սուրէնի Մկրտչեանը (ծնուած 1995թ.), Հարութ Մաքսիմի Յակոբեանը (ծնուած 1997թ.)  եւ Կարէն Գեւորգի Շահինեանը  (ծնուած 1997թ.):

Այս մասին յայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայութիւնից։

Կան վիրաւորներ: Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:

ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ բարեկամներին:

***

Աղբիւր՝ www.yerkir.am

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՔԱՅԼԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԷՔ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏՐՈՒԵԼ

Տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյեան իրավիճակը լարուած է եղել հայ-ադրբեջանական սահմանին: Yerkir.am-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացրեցին, որ մեր կողմից ձեռնարկած գործողութիւնների արդիւնքում հակառակորդի ակտիւութիւնն էականօրէն նուազել է:

«Հակառակորդի քայլերին համարժէք պատասխան է տրուել: Զինծառայողների շրջանում զոհեր եւ վիրաւորներ չունենք: Այս պահին յարաբերական հանգիստ է. հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրւում են, բայց դրանք կրում են անկանոն բնոյթ»,-տեղեկացրեցին ՊՆ-ից:

Ի դէպ, yerkir.am-ի տեղեկութիւններով` հակառակորդի բանակում կան զոհեր եւ վիրաւորներ:

***

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀԱՅ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՌՆՈՒԱԶՆ 5 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ

Տաւուշի մարզում սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը մինչեւ ուշ գիշեր շարունակել է կրակահերթի տակ պահել սահմանի գրեթէ ողջ երկայնքը:

«Երկիրն այսօրի» հետ զրոյցում Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան տեղեկատուական վարչութիւնից տեղեկացրին, որ Ադրբեջանի կողմից ՀՀ Տաւուշի մարզի հայկական գիւղերի գնդակոծութեանն ի պատասխան հայ դիրքապահները ոչնչացրել են առնուազն 5 ադրբեջանցի զինծառայողի: Կայ տեղեկատուութիւն նաեւ վիրաւորների մասին, որոնց յստակ թիւն այս պահին ճշտւում է:

Ի դէպ՝ ի տարբերութիւն ադրբեջանական կողմի, հայ դիրքապահների պատասխան գործողութիւնների ընթացքում ադրբեջանական կողմում խաղաղ որեւէ բնակիչ չի տուժել:

Սեպտեմբերի 24-ին եւ լոյս 25-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը շարունակել է ինտենսիւօրէն խախտել նաեւ ղարաբաղայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ շուրջ 260 անգամ:

Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպէս նաեւ 60 եւ 82 մմ-ոց ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղութեամբ արձակուել է աւելի քան 4000 կրակոց: Հայկական դիրքերի ուղղութեամբ հակառակորդը կիրառել է նաեւ թուրքական արտադրութեան ռէակտիւ հրթիռայ-հրետանային կ'այանք:

Պաշտպանութեան բանակի առաջապահ զօրամասերի կողմից ձեռնարկուած պատասխան գործողութիւնների արդիւնքում` հակառակորդի ակտիւութիւնը ճնշուել է: