Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հրէական մասնագիտացուած 10 լրատուամիջոցներ Հայաստանի զբօսաշրջային գրաւչութեան մասին հրապարակել են մի շարք յօդուածներ՝ իրենց հիացմունքն արտայայտելով երկրի գեղատեսիլ վայրերի ու հիւրընկալ ժողովրդի մասին: Յօդուածներն ուղեկցւում են Հայաստանի տեսարժան բնութեան լուսանկարներով: Այս մասին յայտնում են «Հայաստանի զարգացման հիմնադրամի» լրատուական ծառայութիւնից:

Մեդիա-տուրն ընդգրկել է Հաղպատը, Դիլիջանը, Սէլիմը, Տաթեւն ու Գորիսը: Այն կազմակերպուել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցութեամբ եւ «Գարդման Տուր» զբօսաշրջային ընկերութեան նախաձեռնութեամբ, յունիսին:

Յօդուածներից մէջբերումների՝ եբրայերէնից թարգմանութիւնը կատարուել է Հայաստանում հրէական համայնքի աջակցութեամբ:

Globes. Եանիւ Մագալ. «Տարիներ առաջ կորսուած քոյրիկ» (եբրայերէն)

Յօդուածագիրը նշել է, որ Հայաստանում ճանապարհորդելը կարծես ուղեւորութիւն լինի Աստուածաշնչով, եւ որ հրէաների նման հայերն էլ սփռուած են ամբողջ աշխարհով մէկ, ամէնուրեք կարելի է գտնել յայտնի հայերի: Նա յատուկ հիացմունքով պատմել է սփիւռքի օգնութեամբ կառուցուած Տաթեւի համալիր այցելութեան եւ Գինեսի գրքում գրանցուած ճոպանուղու մասին:

Նշելով, որ Հայաստանը տեսնելու եւ այստեղ շրջելու լաւագոյն տարբերակներից է «jeep-tour» ճանապարհորդութիւնը, Եանիւ Մագալը նաեւ պատմել է երկրի տարբեր վայրերում իր անցկացրած ժամանակի ու տպաւորութիւնների մասին, ընդգծել, որ Հայաստանում յայտնաբերուել է մարդկութեանը յայտնի 6000 տարեկան առաջին գինու մառանը: «Նա, ով կանգ չի առել Սեւանա լճի մօտ՝ հէնց այդ լճից բռնած թարմ ձուկ ուտելու կամ մօտակայ գիւղերից մէկում չի համտեսել ազգային ուտելիքը եւ ունկնդրել ազգային պարերը, ուրեմն նա Հայաստանի կէսն էլ չի տեսել»,- գրել է իսրայէլական «Գլոբսը»: Յօդուածագրի խօսքով. «Մեծ նմանութիւն կայ հայկական եւ հրէական ճակատագրերի միջեւ: Իզուր չէ, որ հայերին շատ անգամ անուանել են նաեւ Կենտրոնական Ասիայի հրէաներ»:

«The Jerusalem Post». Մեյթալ Շարաբի. «Հայաստան. անձեռակերտ գեղեցկութիւն» (անգլերէն)

Ամսագրի թղթակից Մեյթալ Շարաբին մանրամասնօրէն պատմել է իր գունեղ տպաւորութիւնների մասին: «Հայաստանը, տեղակայուած լինելով Հարաւ-արեւմտեան Ասիայում, իւրօրինակ վայր է, որտեղ մարդիկ դեռեւս ապրում են իրենց պապերի աւանդոյթներով», -նշել է հեղինակը՝ շարունակելով. «Բազմապիսին է Հայաստանի լանդշաֆտը` հարիւրաւոր գետերով ու ջրվէժներով, անվերջանալի լեռներով ու դաշտավայրերով»: Այնուհետեւ յօդուածագիրն անդրադարձել է որոշ պատմական փաստերի. «100 տարի առաջ հայ ժողովուրդը ծանր տառապանք է կրել Օսմանեան Թուրքիայի հալածանքներից, որն աւարտուել է ցեղասպանութեամբ: Չնայած Իսրայէլը դեռեւս պաշտօնապէս չի ճանաչել ցեղասպանութիւնը` քաղաքական հանգամանքներից դրդուած, սակայն  ընդունում է 1915թ.-ին տեղի ունեցած կոտորածը»:

Մեյթալ Շարաբին նաեւ ընդգծել է հայ ժողովրդի մեծ հոգեւոր ժառանգութեան եւ հարուստ լեզուի փաստը. «Հայ մշակոյթը տարբերւում է արեւմտեան հասարակութեան մշակոյթից, որի վառ օրինակն է հայկական խոհանոցը: Գունեղ կոլորիտը, հետաքրքիր մշակոյթը եւ աննկարագրելի լեռնային տեսարանները զբօսաշրջիկներին ստիպում են սիրահարուել այս երկրին»: Հեղինակը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկուած Հաղպատի վանքի, դրա ճարտարապետական առանձնայատկութիւնների, տեղացիների բառապաշարով ասած, հայկական Շուեյցարիայի՝ Դիլիջանի, այդտեղ գործող միջազգային դպրոցի, Սեւանա լճի, 9-րդ դարում կառուցուած, Սէլջուկների ժամանակաշրջանում զաւթուած, գրեթէ ամբողջութեամբ աւերուած ու 13-րդ դարում վերակառուցուած Տաթեւի վանքի, համալսարանի ու 5.7 կմ երկարութեամբ ճոպանուղու մասին իր մեկնաբանութիւնները:

Յօդուածագիրը չի շրջանցել Արենի գիւղն իր խաղողի այգիներով, մայրաքաղաք Երեւանը, Հանրապետութեան հրապարակը, Ցեղասպանութեան յուշահամալիրը եւ թելաւիւեան գիշերներին նմանուող  երեւանեան գիշերները:

Israel Today. Եաէլ Լեռներ. «Հայաստան, իմ սէր»

Յօդուածագրի մեկնաբանութեամբ՝ «Հայաստանը հրապուրիչ է մարդկային եւ քաղաքակրթական ընթացքի տեսանկիւնից. փարթամ բնութիւն, կլիմայական մեծ փոփոխութիւններ, ինչը պայմանաւորուած է տեղանքի՝ ծովի մակերեւոյթից տարբեր բարձրութիւններով»:  

Յօդուածը մի ուշագրաւ հանդիպում է ներկայացնում՝ Հայաստանի ժողովրդի կենսախինդ տեսակը ներկայացնելով. «Սարերում հասնում ենք մի փոքրիկ գիւղ, որը մեզ յիշեցնում է Չիլիի կամ Արգենտինայի նման վայրեր, հանդիպում ենք մի տարէց զոյգի՝ 86-ամեայ Նիկոլին եւ 85-ամեայ Զաբելին, ովքեր ամուսնացած են 61 տարի: Երբ նրանց հարցրի, թէ որն է ամուսնական կեանքի գաղտնիքը, Զաբել տատը պատասխանեց. «Միշտ ժպտա, եւ կեանքը կը ժպտայ քեզ», -ապա աչքով արեց»:

Համաշխարհային մշակութային ժառանգութեան գոհարներից մէկը՝ Հաղպատի վանքը ներկայացնելով, յօդուածագիրը մէջբերել է տեղացիների խօսքը. «Հասնում ենք Հաղպատ գիւղ, որտեղ գտնւում է Հաղպատի վանքը,  որն էլ պահպանւում է UNESCO-ի կողմից: Տեղացիներն ասում են, որ մուտքի տապանաքարերի վրայ քնելը հաւասարազօր է առաքինի օրհնանքի»:

Սեւանա լիճը ներկայացնելիս Եաէլ Լեռները նշում է, որ այն բազմիցս փրկել է հայ ժողովրդին պատերազմների ժամանակ: «Գերագոյն հաճոյք է կանգնել ճանապարհին եւ համտեսել վաճառուող ուտեստները՝ պահածոները, միրգը, հատապտուղները: Ձեզ միշտ մատչելի գին կ'առաջարկեն, անպայման խորհուրդ կը տան համտեսել եւ դա կ'անեն միշտ ժպտալով»,- գրել է «Israel Today»-ը:

«Մենք հասնում ենք Գեղարդի տաճար: Երբ ներս մտանք, շատ անսպասելի լսեցինք հրէշատակային երգի ձայներ՝ աղջիկների երգչախումբը պարապմունքներ էր անցկացնում վանքում: Ին՜չ յուզիչ ու հրաշալի էր նրանց երգը»,- գրուած է յօդուածում: Յօդուածում Երեւանը ներկայացուել է որպէս կենսուրախ քաղաք մարդաշատ փողոցներով, զուարճանքներով լեցուն գիշերային կեանքով, Հանրապետութեան հրապարակի երգող շատրուաններով:

Անդրադառնալով, իր խօսքով, Հայաստանի պարծանքներից մէկին՝ հայկական կոնեակին, «Israel Today»-ը նշել է, որ աշխարհի կոնեակի խոշորագոյն գործարաններից մէկը հիմնադրուել է 1887 թուականին եւ արտադրել է «Դուին» կոնեակը, որն այդքան դուր է եկել Ուինսթոն Չերչիլին, որի հաւաստմամբ, իր երկարակեցութեան գաղտնիքներից մէկը հէնց այդ կոնեակն է եղել:

«Չի կարելի լինել Երեւանում եւ չայցելել Եղեռնի յուշահամալիր՝ նուիրուած 1,5 միլիոն հայ զոհերի յիշատակին, որոնք սպանուել են 1915-1918 թուականներին՝ թուրքերի կողմից: Իսրայէլի Կառավարութեան լռութիւնը հայկական Հոլոքոստի վերաբերեալ ցաւոտ թեմա է, բայց հայերը համարում են, որ իրենց ճակատագիրը շատ նման է հրէաների ճակատագրին. երկու ազգերն էլ ունեն պատմութիւն եւ հիանալի մշակոյթ, կարողացել են յաղթահարել վայրագութիւնները եւ վերահաստատուել են»։