Աղբիւր՝ www.tert.am

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող զբոսաշրջիկների թիվը շարունակական աճում է. 2015թ-ին անցած վեց ամիսների ընթացքում նախորդ տարվա համետ գրանցվել է 20% աճ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց  ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:
«Մենք անցած վեց ամսվա ընթացքում արձանագրել ենք 120% աճ զբոսաշրջիկների, նախորդ 7 տարիների համեմատությամբ, այս տարի գրանցվել է 20 տոկոս աճ»,- ասաց նա:

Սերգեյ Շահվերդյանն ընդգծեց, որ երբ խոսում են ԼՂՀ-ում զբոսաշրջիկների քանակի աճի մասին, բացառապես նկատի ունեն օտարերկրյա զբոսաշրջիկներին, ովքեր Ղարաբաղ մուտք գործելու համար մուտքի արտոնագիր են ստացել:

«Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները, սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր ունեն հայկական անձնագրեր, այդ թվաքանակից դուրս են: Ղարաբաղը  յուրահատուկ և յուրօրինակ հետաքրքրություն ներկայացնող երկիր է, այնպես միայն հայերը չեն, որոնց համար գրավիչ է»,-ասաց նա:

Միաժամանակ փոխնախարարը նշեց, որ Արցախ այցելած ՀՀ քաղաքացիների թվի զգալի աճ նույնպես արձանագրել են: Նման աճը՝ ոլորտի պատասխանատուն պայմանավորում է հետևողական աշխատանքով:

«Մենք շարունակում ենք մեր քաղաքականությունը մշակված զբոսաշրջիկների թվաքանկի աճը ավելացնելու ուղղությամբ, շարունակում ենք քարոզչության տարածումը,  զբորսաշրջային վայրերի բարեկարգումը»,-ասաց նա:

ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարարը, անդրադառնալով ադրբեջանական հակաքարոզչությանը՝ մասնավորապես, երբ Ադրբեջանի «սև ցուցակում» են հայտնվում ԼՂՀ այցելուները, նկատեց, որ դա էական ազդեցություն չի ունենում զբոսաշրջիկների Արցախ այցելության ցանկության վրա:

«Զբոսաշրջությունը շատ զգայուն ոլորտ է, և ամեն մի հանգամանք կարող է նշանակություն ունենալ, բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի «սև ցուցակներին», ապա ես չեմ կարծում, որ այդ ցուցակը ինչ-որ էական ազդեցություն կարող է ունենալ այդ զբոսաշրջիկների Արցախ այցելելու ցանկության վրա»,-ասաց նա:

Ի պատասխան հարցի, թե չի՞ կարող արդյոք նույն հակաքարոզչությունը հակառակ ազդեցությունն ունենալ, Սերգեյ Շահվերդյանը նշեց. «Մենք ընդհանրապես ձգտում ենք Ադրբեջանի ցանկացած քայլեր վերածել քարոզչության՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբոսաշրջության իմջի բարձրացմանը: Դա մշտապես կատարվում է նույն միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների ժամանակ, Ադրբեջանի հակաքայլերը միշտ յուրօրինակ քարոզչություն են դառնում Ղարաբաղի համար և բոլոր մյուս հանգամանքները»,-ասաց նա:

Թե ինչով են Արցախում զբոսաշրջիկներին զարմացնում, փոխնախարարը նախընտրում է հարցն իրեն չուղղել, այլ Արցախ այցելող զբոսաշրջիկներին, սակայն հավելում, թե զբոսաշրջիկին գրավում է Արցախն իր մարդկանցով, իր անտառներով, հուշարձաններով, մրգերով: «Դա միասնական բրենդ է, որը չես կարող տարանջատել, թե ում որն է ավելի շատ հետաքրքրում: Մեկին հետաքրքրում է համեղ միրգը, մեկին՝ անտառը, մյուսին՝ հուշարձանը, մյուսին՝ արցախյան ուտեստները և այսպես շարունակ»,– ասաց նա:

Անդրադառնալով գնային քաղաքականությունը, թե ինչքանով է համահունչ ղարաբաղյան հանգիստը հայաստանյան գներին, փոխնախարարը նշեց, թե անկեղծորեն չի կարծում, որ Հայաստանի զբոսաշրջության գնային քաղաքականությունը, բացառությամբ ավիափոխադրումներից, տարբերվում է մյուս նմանատիպ հանգիստ առաջարկող երկրներից: Նույն Ղարաբաղում ըստ նրա՝ կան հյուրանոցներ թե՛ 10 դոլար արժեղությամբ, թե՛ բարձրակարգ հյուրանոցներ: «Այսինքն՝ ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս, ցանկացած գնողունակության զբոսաշրջիկի այցելել Ղարաբաղ, այնպես չէ, որ խնդիր կա այդ առումով»,– ասաց նա:

Հարցին, թե որքանո՞վ են խոչընդոտում ճանապարհները Արցախ հասնելու համար և արդյո՞ք օդային ճանապարհի բացումը մեծ խթան չէր լինի ԼՂՀ տուրիզմի զարգացման համար, Շահվերդյանը պատասխանեց. «Իհարկե օդանավի հնարավորության դեպքում էականորեն կազդի զբոսաշրջության զարգացման համար, բայց մենք չպետք է կենտրոնանանք այդ հարցի վրա: Մենք այլ ձևով ենք լուծումը գտել. գիտեք, որ կառուցվում է Մարտակերտ-Սոթք ավտոճանապարհը, որն էականորեն կրճատում է ճանապարհը և ավելի հարմար է դարձնում Արցախ այցելուների համար երթևեկությունը և, ինչը որ ավելի կարևոր է, զբոսաշրջիկները ստիպված չեն լինի այլևս նույն ճանապարհը երկու անգամ անցնել, դա և ժամանակի, և ֆինանսների խնայողություն կլինի»:

Փոխնախարարը նաև նշեց, որ ամռան ավարտով Արցախում զբոսաշրջային շրջանը չի ավարտվում: «Զոսաշրջանը Ղարաբաղում սկսվում է ապրիլին և նվազում հոկտեմբերին: Այնպես որ, ամառային շրջանը շատ կապ չունի  զբոսաշրջային այցելությունների հետ»,-ասաց նա: