Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Հաշւի առնելով համաշխարհային նորօրեայ զարգացումները, որոնք ազգերին ու պետութիւններին թելադրում են գոյակցութեան, մրցակցութեան, առաջընթացի եւ յարատեւութեան նորագոյն մարտահրաւէրներ՝ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը Հայաստան-Սփիւռք գործակցութեան պետական քաղաքականութեան շրջանակում 2009 թւականից իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի գլխաւոր նպատակը մեր փառապսակ մեծերի հայրենանւէր գործունէութիւնը, բարոյական դասերը սերունդներին փոխանցելն է ու նրանցում հայրենասիրութեան, հայրենատիրութեան զգացում ձեւաւորելն ու բարձր պահելը:

Հայրենանւէր անհատների ճանաչողութիւնը նպաստում է հայապահպանութեան հիմնախնդրի լուծմանը, երիտասարդութեան լայն շրջանում ազգային արմատների ճանաչմանն ու պետականակերտման հոգեբանութեան արմատաւորմանը, ազգային ինքնութեան ամրապնդմանն ու հայազօրացմանը, մատաղ սերնդի հայեցի դաստիարակութեանը:

«Մեր մեծերը» ծրագրում ընդգրկւել են հետեւեալ անունները՝ 2009 թւական՝ Վազգէն Առաջին Վեհափառ, Շառլ Ազնաւուր, Ալեք Մանուկեան, Քրք Քրքորեան, 2010 թւական՝ Միսակ Մանուշեան, Վարդգէս Սուրէնեանց, Պօղոս Նուբար, Լազարեան եղբայրներ, Մխիթար Սեբաստացի, Լեւոն Շանթ, 2011 թւական` Գարեգին Նժդեհ, Մոնթէ Մելքոնեան, Պետրոս Դուրեան, Ջիւանի, 2012 թւական՝ Յովսէփ Օրբելի, Գարեգին Յովսէփեան, Մարշալ Բաղրամեան, Սայաթ-Նովա, Գառզու, 2013 թւական՝ Վիլիամ Սարոյեան, Արշակ Չոպանեան,  Գէորգ Զ. Չորեքչեան, Նիկոլ Աղբալեան եւ Հայաստանի շախմատի հաւաքական:

2014 թ. «Մեր մեծերն» են՝ Գալուստ Գիւլբենկեանը, Յովհաննէս Թումանեանը, Կոմիտասը, Սիամանթոն եւ Արշիլ Գորկին:

Ծրագրի շրջանակներում ՀՀ բուհերում եւ դպրոցներում, ինչպես նաեւ ԼՂՀ-ի, Սփիւռքի կրթօջախներում կազմակերպւում են մեծարման միջոցառումներ (համաժողովներ, պոեզիայի տօներ, շարադրութիւնների մրցոյթներ, համերգներ, բաց դասեր, հրատարակւում են գրքոյկներ, պատրաստւում են խտասալիկներ եւ այլն):

Իրականացւող միջոցառումների մասին տեղեկատւութիւնը տարւայ ընթացքում պարբերաբար տրամադրւում է նախարարութեանը, նիւթեր են պատրաստւում եւ տեղադրւում «Հայերն այսօր» պարբերականում:

Սիրելի´ հայրենակիցներ,

Դարձէ´ք ՀՀ սփիւռքի նախարարութեան հայապահպանական «Մեր մեծերը» ծրագրի իրականացման մասնակիցը, ձեր ձեռնարկներում անդրադարձէք 2014 թւականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկւած անձանց, տարւայ ընթացքում կազմակերպէք նրանց նւիրւած միջոցառումներ:

Միջոցառումների մասին նիւթերը կարող էք ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցէներով: Դրանք կը տեղադրւեն նախարարութեան կայքէջում եւ «Հայերն այսօր» պարբերականում (www.mindiaspora.am, hayernaysor.am):

Տեղեկութիւնների համար կարող եք այցելել ՀՀ սփիւռքի նախարարութիւն՝ Վազգէն Սարգսեան 26/1 հասցէով, կամ զանգահարել 585601 (117) հեռախօսահամարով:

 
ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի
համահայկական ծրագրերի վարչութիւն