Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարութիւնն օրերս քարտէզագրում է արել՝ նշելով այն բոլոր երկրների ցանկը, որտեղ ահաբեկչութեան հաւանականութեան տոկոսն առաւել բարձր է, եւ պէտք է առաւելագոյնս զգոյշ եւ ուշադիր լինել այնտեղ այցելելուց:

Նման քարտէզագրման առիթ են հանդիսացել վերջին շրջանում տեղի ունեցած դէպքերը, երբ Թունիսի հանգստավայրերից մէկում տասնեակ զբօսաշրջիկներ ահաբեկչութեան զոհ դարձան: Այդ մարդկանց թւում էին ազգութեամբ մօտ 30 բրիտանացի, ինչը փաստօրէն ստիպեց ՄԲ ԱԳՆ-ին լրջօրէն զբաղուել այս հարցով եւ համապատասխան տեղեկատուութեամբ ապահովել մարդկանց:

Թունիսի ողբերգութիւնից յետոյ ոչ միայն Բրիտանիայում, այլեւ ամբողջ աշխարհում հազարաւոր զբօսաշրջիկներ կասեցրել են նման ռիսկային երկրներ մեկնելու իրենց ամառային պլանները, շատերը նոյնիսկ հետ են վերադարձրել աւիատոմսերը, յայտնում է The Daily Mail–ը:

Ինչեւէ, անցնենք բուն քարտէզին: Նախ նշենք, որ Բրիտանիայի արտգործնախարարութիւնն այս քարտէզագրումն իրականացրել է ՄԲ անվտանգութեան ծառայութեան եւ «Ահաբեկչութեան վերլուծութեան կենտրոնի» օգնութեամբ: Ամենաբարձր ռիսկային գօտիներն են համարուել ի հարկէ Թունիսը, Եգիպտոսը, Լիբիան, Քէնեան, Սոմալիան, ինչպէս սպասւում էր նաեւ Մերձաւոր Արեւելքի երկրները՝ Սիրիան, Լիբանանը, Իսրայէլը, Իրաքը, Եմենը, ինչպէս նաեւ մեր հարեւան Թուրքիան, ասիականներից՝ Պակիստանը, Թաիլանդը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները եւ այլն: Յատկանշական է, որ, ըստ Մեծ Բրիտանիայի կազմած ցանկի, եւրոպական երկրներից վտանգաւորների թւում են յայտնուել Ֆրանսիան, Բելգիան եւ Իսպանիան, իսկ Գերմանիան, Իտալիան, Յունաստանը, կամ նոյն Մեծ Բրիտանիան յայտնուել են միջին ռիսկայնութեան երկրների շարքում:

«Ցածր ռիսկային» գօտում են յայտնուել Շուեյցարիան, Իսլանդիան, ինչպէս նաեւ Չեխիան, Լեհաստանը եւ Հունգարիան եւ այլն:

Ուշագրաւ է, որ մեր երկիրը եւս, ըստ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարութեան, ամենաանվտանգ երկրների շարքին է դասւում՝ ի տարբերութիւն իր չորս հարեւանների, որոնցից Թուրքիան, ինչպէս արդէն նշեցինք, բարձր ռիսկային երկիր է համարւում, Ադրբեջանն ու Իրանը մի փոքր աւելի պակաս ռիսկային, իսկ Վրաստանը միջին ռիսկայնութեան գօտում է գտնւում:

Սա, ի հարկէ, ընդհանուր առմամբ բաւական վիճելի քարտէզ է, որը կարող է բազում քննադատութիւնների եւ անհամաձայնութիւնների տեղիք տալ, բայց ամէն դէպքում, ըստ բրիտանացիների, իր տեսակի մէջ եզակի աշխատանք է, եւ լաւ «ուղեցոյց կարող է ծառայել միլիոնաւոր մարդկանց համար»: