Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Պաշտօնական վիճակագրութեան համաձայն, Հայաստանի մշտական բնակչութեան թիւը ապրիլի 1-ի դրութեամբ կազմել է 3 մլն 6,7 հազար մարդ, որը մէկ տարուայ ընթացքում կրճատուել է 5,7 հազարով (0,2 տոկոս): Փաստն ինքնին բացասական է, բայց ակտիւացած արտագաղթի ֆօնին այս թուերը բաւական համեստ են թւում:

Այսպէս, 2014/2015 թթ. ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորողների թիւը կազմել է աւելի քան 5,8 հազար աշակերտ: Ընդ որում, բացասական սալդոն կազմել է աւելի քան 3,4 հազար աշակերտ:

Վիճակագիրներն իրենք խոստովանում են, որ այդ տուեալները չեն արտացոլում իրական արտագաղթի մասշտաբները: Բանն այն է, որ գրանցումից դուրս գալը (կամ գրանցուելը) ամբողջութեամբ կախուած է քաղաքացու ցանկութիւնից: Կարելի է, ասենք, տարիներով բացակայել գրանցման վայրից եւ դուրս չգալ գրանցումից ու հաշուարկուել որպէս մշտական բնակութիւն հաստատող:

Հետեւաբար բերուած տուեալները միայն այսբերգի երեւացող մասն են: Բացի այդ, բնակչութեան թուաքանակի դրական բնական աճը մասնակիօրէն «փոխհատուցում է» արտագաղթը:

Վարչական միաւորների կտրուածքով բաւական հետաքրքիր պատկեր է ստացւում: Երեւանում մշտական բնակչութեան թիւն աճել է (4,2 հազարով կամ 0,4 տոկոսով), իսկ ահա մարերում այն կրճատուել է (ընդհանուր առմամբ 9,9 հազարով կամ 0,5 տոկոսով):

Առաջին հայեացքից, արտագաղթի մի մասը մարզերից Երեւան գալու տեսքով է, սակայն այդ հարցին պատասխանելու համար պահանջւում է աւելի մանրամասն տեղեկատուութիւն, որը վիճակագիրների զեկոյցներում բացակայում է:

Արմաւիրի մարզում փաստացի փոփոխութիւն չկայ, իսկ ահա Կոտայքի մարզում արձանագրուել է խորհրդանշական աճ՝ 0,1 հազար մարդ: Բնակչութեան թուի առաւել մեծ նուազում է արձանագրել Լոռիի մարզը (3 հազար մարդ կամ 1,3 տոկոս), որին յաջորդում են Շիրակի մարզը (2 հազար մարդ կամ 0,8 տոկոս) եւ Գեղաքունիքի մարզը (1,3 հազար մարդ կամ 0,6 տոկոս):