Աղբիւր՝ www.yerkir.am

 

«Google Trends-ի տուեալներով` վերջին 1 շաբաթուայ ընթացքում «Armenia» բառի փնտրումը Google համակարգով աճել է 60%-ով: Աւելի ուշագրաւ է այն, որ «Where Is Armenia» արտայայտութեան փնտրումն աճել է 7.5 անգամ (650%-ով): Այսինքն, մարդկանց թիւը, ովքեր ցանկացել են իմանալ, թէ որտեղ է Հայաստանը, 1 շաբաթուայ ընթացքում շեշտակի աճ է ունեցել: Սա հէնց այն է, ինչի մասին խօսում էինք. Քարդաշեանների այցելութիւնը Հայաստան մեծացրել է օտարերկրացիների հետաքրքրութիւնը մեր երկրի նկատմամբ: Նշենք նաեւ, որ «Kardashian Armenia» արտայայտութեան փնտրման յաճախականութիւնն աճել է 18.5 անգամ, «Kardashian in Armenia», «Kim in Armenia» փնտրումները՝ աւելի շատ:

«Քիմի էֆեկտը» բաւականին լաւ երեւում է նաեւ Wikipedia օնլայն անվճար հանրագիտարանի վիճակագրութիւնից: Այսպէս՝ Wikipedia-ում անգլերէն լեզուով Հայաստանի էջը վերջին 1 ամսուայ ընթացքում դիտուել է օրական միջինը 5000 անգամ: Քիմը Հայաստան այցելեց ապրիլի 8-ին եւ նոյն օրը Wikipedia-ում անգլերէն լեզուով Հայաստանի էջի դիտումների քանակը հասաւ 8208-ի: Ապրիլի 9-ին թիւը հասաւ 14 հազարի, 10-ին՝ 15600-ի: Ապրիլի 11-ին ցուցանիշն ընկաւ 9100-ի: Կոպիտ հաշուարկը ցոյց է տալիս, որ Քիմ Քարդաշեանի այցելութեան օրերին՝ նրանց շնորհիւ, Wikipedia-ի Հայաստանի էջն ունեցել է շուրջ 35000 լրացուցիչ այցելու: Այսինքն՝ այսքան մարդ ոչ միայն լսել է Հայաստանի մասին, այլեւ կոնկրետ հետաքրքրուել՝ փորձելով ինքնուրոյն տեղեկութիւններ քաղել մեր երկրի մասին»,–գրում է թերթը։