Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Սիրելի հայ երիտասարդներ,

Ճակատագրի բերումով դուք այսօր ապրում էք աշխարհի տարբեր երկրներում, մշակութային եւ լեզւական տարբեր միջավայրերում: Ձեզանից շատերն, անշուշտ, խօսում են հայերէն, եւ դա հրաշալի է: Ցաւօք սրտի, հանգամանքների պարտադրմամբ Սփիւռքում ապրող երիտասարդ սերնդի մի մասը կամ վատ է խօսում կամ ամենեւին չգիտի հայերէն. եւ դա տխուր իրողութիւն է, որովհետեւ լեզուն մեր ինքնութեան ամենակարեւոր կռւանն է, ազգային գոյութեան հիմքը:

Սփիւռքահայ նշանաւոր բանաստեղծ եւ ուսուցիչ Մուշեղ Իշխանը գրել է՝ «Հայոց լեզուն տունն է հայուն»: Իսկապէս, մայրենին մեր տունն է, մեր հայրենիքը, մեր ինքնութեան հիմքը...

2015 թւականը կարեւոր հանգրւան է հայ ժողովրդի համար: Նշելով Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը՝ մեզանից իւրաքանչիւրն ուզում է իր ներդրումն ունենալ Հայ Դատի համար մղւող պայքարում: Այս պայքարում երիտասարդների հիմնական գործը պէտք է լինի մայրենին իմանալը, հայերէն սովորելը՝ ի խոնարհումն 1.5 միլիոն նահատակների յիշատակի, հազարաւոր անթաղ հայերի ոսկորների առջեւ:

Ուրեմն՝ սիրելի պատանիներ եւ պարմանուհիներ,

Կոչ ենք անում ձեզ, որ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը դառնայ բեկումնային՝ ձեր մայրենի լեզուն սովորելու առումով, նոր աւիւնով եւ նոր եռանդով տրւէք հայերէն սովորելուն, է՛լ աւելին՝ հայերէնը ձեզ համար դարձրէք միմեանց հետ շփւելու, միմեանց հետ հաղորդակցւելու հիմնական լեզուն: Թող դա՛ լինի ձեր հիմնական, իրական ներդրումը Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչման, համայն հայութեան համախմբման եւ հզօրացման սուրբ գործում:

Մեծ անգլիացի Բայրոնը բանաձեւել է. «Աստծու հետ խօսելու միակ լեզուն հայերէնն է»:

Ուրեմն՝ իմացէ՛ք, խօսէ՛ք եւ յաջորդ սերունդներին փոխանցէք մեր աստւածային հայոց լեզուն:

ՀՀ Սփիւռքի նախարար
ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ