Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Նախագահ Սերժ Սարգսեանը նամակով դիմել է Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի նախագահ Գալուստ Սահակեանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները Հ.Հ.-ի Ա.Ժ.-ից հետ կանչելու վերաբերեալ իր որոշման մասին: Հանրապետութեան Նախագահի նամակում, մասնաւորապէս, ասուած է.

«Յարգելի պարոն Սահակեան,

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների՝ առանց նախապայմանների կարգաւորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք յետագայ զարգացումների բոլոր հնարաւոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպէս արձանագրութիւնների վաւերացման միջոցով յարաբերութիւնների համապարփակ կարգաւորմանը, այնպէս էլ դրանց ձախողուելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունէինք, եւ միջազգային հանրութեան համար պարզ էր դառնալու, թէ իրականում որ կողմի մեղքով այդպէս էլ չբացուեց Եւրոպայի վերջին փակ սահմանը եւ բաց թողնուեց հնարաւորութիւնը:

Արդէն մօտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապէս հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրութիւնները կեանքի կոչելու հարցում:

Սակայն պէտք է փաստել Թուրքիայի իշխանութիւնների քաղաքական կամքի բացակայութիւնը, արձանագրութիւնների տառի ու ոգու աղաւաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականութեան եւ պատմութեան խմբագրման քաղաքականութիւնը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խօսել եմ բազմիցս, այդ թւում՝ 2014 թուականի սեպտեմբերին, Մ.Ա.Կ.-ի գլխաւոր վեհաժողովի ամբիոնից: Ցաւում եմ, որ Հայաստանի այդ յորդորը լսելի չեղաւ Թուրքիայի ղեկավարութեան համար:

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թուականի հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրուած «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին» արձանագրութիւնները Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերեալ»: