Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնութեամբ եւ նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, գումարուեց Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը: Ժողովին մասնակցում էին Հայ Եկեղեցու 61 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ:

Նոյեմբերի 11-ին մինչ ժողովի բացումը եպիսկոպոսաց դասը Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգութեան` հայցելով Ս. Հոգու առաջնորդութիւնը ժողովի աշխատանքների բարի արդիւնաւորման համար: Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Եպիսկոպոսաց ժողովի համաատենապետ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի կողմից հայրապետական պատգամի փոխանցման համար հրաւիրուեցին Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Նորին Սրբութիւն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը:

Բացման արարողութեան աւարտին կազմուեց ժողովի դիւանը հետեւեալ կազմով. ատենապետներ` Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեան եւ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսեան, ատենադպիրներ` Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեան եւ Գերաշնորհ Տ. Բաբկէն եպիսկոպոս Չարեան:

Մինչ օրակարգում ընդգրկուած հարցերի քննութիւնը, ժողովականներն աղօթք բարձրացրեցին Հայ Եկեղեցու անցնող տարուայ ընթացքում ի Տէր հանգչած հոգեւոր սպասաւորների հոգիների հանգստութեան համար:

Եպիսկոպոսաց դասը նաեւ շնորհաւորեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման եւ գահակալութեան 15-ամեակի կապակցութեամբ` մաղթելով արեւշատ բազում տարիների հովուապետութիւն:

Նոյեմբերի 11-12-ի նիստերը նուիրուած էին Հայ Եկեղեցում սրբադասման կանոնի եւ Հայոց Ցեղասպանութեան նահատակների սրբադասման գործընթացի հետ առնչուած հարցերին: Այս առնչութեամբ զեկոյցներ ներկայացրեցին Սրբադասման յանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը եւ Գերաշնորհ Տ. Բաբկէն եպիսկոպոս Չարեանը:

Քննարկելով յանձնախմբի կողմից կատարուած աշխատանքները` Եպիսկոպոսաց ժողովը հաստատեց Հայ Եկեղեցու սրբադասման ծիսակարգը եւ արարողակարգը:

Հայոց ցեղասպանութեան նահատակների սրբադասման արարողութիւնը որոշուեց կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Որպէս ամենամեայ եկեղեցական յիշատակութեան տօնացուցային օր սահմանուեց ապրիլի 24-ը:

Ժողովն ընդունեց Հայոց Ցեղասպանութեան նահատակների ամենամեայ տօնակատարութեան ծիսական կանոնը, որը ներառում է շարականի կանոնը եւ ժամամուտը, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան նահատակ սրբերի վկայաբանութիւնը: Որոշուեց յիշեալ փաստաթղթերը վերջնական լրամշակումից յետոյ որդեգրել:

Սրբադասման յանձնախմբին յանձնարարական տրուեց նաեւ ձեռնամուխ լինել անհատական սրբադասման համար անհրաժեշտ ուսումնասիրութիւններին` նկատի ունենալով Կոմիտաս վարդապետին եւ ուրիշ անհատների:

Նոյեմբերի 12-ի նիստը սկսուեց աղօթքով Գիւմրիի ճանապարհին տեղի ունեցած աւտօվթարի հետեւանքով զոհուած հայորդիների հոգիների հանգստութեան համար` ցաւակցութիւն յայտնելով զոհուածների ընտանիքներին:

Նոյեմբերի 12-13-ի նիստերին Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները քննութեան առան Հայ Եկեղեցու առաջին երկու խորհուրդների` Ս. Մկրտութեան եւ Ս. Դրոշմի առնչութեամբ Ծիսական յանձնախմբի կողմից կատարուած աշխատանքները: Այս կապակցութեամբ Ծիսական յանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը, յանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը եւ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանը ներկայացրեցին համապատասխան զեկոյցներ, որից յետոյ եպիսկոպոսաց դասն ընդունեց Ս. Մկրտութեան եւ Ս. Դրոշմի խորհուրդների միօրինակ բնագիրը: Մասնակի փոփոխութիւններով հաստատուեց Ս. Մկրտութեան եւ Ս. Դրոշմի խորհուրդների կանոնական ուղեցոյցը, որը վերանուանուեց` Ս. Մկրտութեան եւ Ս. Դրոշմի խորհուրդների հովուական ուղեցոյց: Որդեգրուեց նաեւ նախամկրտական ուսուցողական ձեռնարկը: Ընդունուած փաստաթղթերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի տնօրինութեամբ կ'առաքուեն թեմեր առ ի գործադրութիւն:

Նոյեմբերի 13-ի առաջին նիստին Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներն աղօթք բարձրացրեցին Արցախի առաջնագծում ադրբեջանական զինուած ուժերի կողմից ԼՂ պաշտպանութեան բանակի օդուժի ուղղաթիռի խոցման հետեւանքով զոհուած երեք հայորդիների համար եւ կատարեցին յայտարարութիւն` դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողութիւնները:

Նոյեմբերի 13-ի երրորդ նիստին մասնակցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների աշխատանքները համակարգող տիար Վիգէն Սարգսեանը: Տիար Վ. Սարգսեանը հանգամանալից ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով 2015 թուականին նախատեսուող պետական ծրագրերը` անդրադարձ կատարելով Հայ Եկեղեցու հետ Հայստանում եւ Սփիւռքում համատեղ իրականացուելիք միջոցառումներին: Տեղեկացուեց նաեւ նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Ժողովի վերջին օրն անդրադարձ կատարուեց նաեւ ազգային-եկեղեցական կեանքում առկայ զանազան մարտահրաւէրներին, Եկեղեցու առաքելութեան առաւել արդիւնաւէտ իրականացման ճանապարհին լուծման կարօտ ծիսական, քարոզչական, կրթադաստիարակչական, սոցիալական խնդիրներին, որոնց հիման վրայ ձեւաւորուեց առաջիկայ Եպիսկոպոսաց ժողովների օրակարգը:

Եռօրեայ ժողովի աւարտին եպիսկոպոսաց դասը գոհութիւն յայտնեց Ամենասուրբ Երրորդութեանը` եղբայրական համախմբման հնարաւորութեան, ինչպէս նաեւ ժողովի բարեյաջող ընթացքի համար: Ժողովականները նաեւ իրենց գնահատանքը յայտնեցին Կենտրոնական, Սրբադասման եւ Ծիսական յանձնախմբերի անդամներին` ժողովի նախապատրաստման եւ օրակարգում ընդգրկուած հարցերի հանգամանալից ուսումնասիրութեան համար:

Եպիսկոպոսաց յաջորդ ժողովը կգումարուի 2016 թուականին:

Ժողովը փակուեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի օրհնութեան ու գնահատանքի խօսքով եւ աղօթքով: