Աղբիւր՝ www.yerakouyn.com

Նախագահ Սերժ Սարգսեանը նոյեմբերի 11-ին հանդիպում ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի հետ: Այս մասին յայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնը:

Հանդիպումանը քննարկւել են պետութեան եւ եկեղեցու միջեւ ձեւաւորւած սերտ համագործակցութեան, հայրենիք-սփիւռք կապերի առաւել ամրապնդման եւ ազգային-եկեղեցական կեանքի կարեւորագոյն խնդիրների եւ առկայ մարտահրաւէրների վերաբերող հարցեր, որոնք տեղ են գտել նոյեմբեր 11-13 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաւիրւած Հայաստանեայց առաքելական Ս. եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի օրակարգի մէջ:

Հանրապետութեան նախագահը ողջունել է Եպիսկոպոսաց ժողովի իրականացումը` ի նպաստ մեր հաւատաւոր ժողովրդի եւ Հայոց պետութեան: Նախագահը Եպիսկոպոսաց ժողովների գումարումը կարեւոր իրադարձութիւն է համարել հայոց հոգեւոր կեանքի մէջ եւ յաջողութիւն ու արդիւնաւէտ աշխատանք է մաղթել Մայր Աթոռի մէջ մեկնարկած ժողովին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հ.Հ.-ի նախագահի գլխաւորութեամբ գործող Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողովի աշխատանքներին, որոնց Հայ առաքելական սուրբ եկեղեցին աշխուժօրէն մասնակցում է իր բոլոր նւիրապետական աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառոյցներով: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համազգային կարեւորագոյն խնդիրների լուծման գործի մէջ հայոց եկեղեցիների կողմից սփիւռքում, միջազգային ու միջ-եկեղեցական հարթակների վրայ իրականացւող աշխատանքին, Սիրիայում չդադրող կործանարար պատերազմի հետեւանքով այդ երկրի բնակչութեան հետ միասին ծանրագոյն փորձութիւնների եւ զրկանքների ենթարկւող սիրիահայ համայնքին աջակցութեան խնդիրներին:

Հանրապետութեան նախագահը եւ Վեհափառ Հայրապետերը կարեւորել են եւ ժամանակի հրամայական համարել Հայոց պետութեան, Եկեղեցու եւ հայ ժողովրդի միասնաբար ծառայելը եւ ի նպաստ համազգային խնդիրների լուծման` համատեղ գործելը: