Աղբիւր՝ www.tert.am

 

 

Նոյեմբերի 10-ը Երիտասարդութեան համաշխարհային օրն է։ 1945 թւականի հէնց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրւել է Ժողովրդավարական երիտասարդութեան համաշխարհային ֆեդերացիան։ Օրւայ առթիւ Tert.am-ը փորձել է պարզել երիտասարդութեան խնդիրները,  տահոգութիւններից եւ ապագայի հանդէպ նրանց յոյսերը:

Հ.Հ.-j սպորտի եւ երիտասարդութեան հարցերի փոխնախարար Արսէն Քարամեանը գտնում է, որ հայ երիտասարդն այսօր ծանրաբեռնւած է այն նոյն հոգսերով, ինչ աշխարհի ամենատարբեր անկիւններում ապրող երիտասարդներն առհասարակ:

«Ես առաջին հերթին ի նկատի ունեմ 2008թ.-ից մոլեգնած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած այն բազում սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք առկայ են մեզանում: Հասկանալի է, որ հայ երիտասարդն անբաժան չէ այդ դժւարութիւններից»,-ասաց նա:

Առանձնացնելով խնդիրները՝ Արսէն Քարամեանն առաջին հերթին նշեց զբաղւածութեան հարցը, երկրոդը՝ որակեալ կրթութիւն ստանալը, իսկ երրորդը՝ սոցիալ-տնտեսական եւ կենցաղային խնդիրներն են:

Փոխնախարարի կարծիքով՝ հայ երիտասարդն այսօր ինչ-որ բան փոխելու համար պէտք է շատ աշխատի. «Իւրաքանչիւր հասարակութեան ներսում երիտասարդութիւնն ամենաընկալողունակ, ամենաակտիւ հատւածն է, նոյնը նաեւ մեզ մօտ է: Իսկ ինչ-որ բան փոխելու համար պէտք է երկար ժամանակ եւ անդուլ աշխատանք: Ես չեմ կարծում, որ մէկ օրում մենք կարող ենք ստանալ ցանկալի արդիւնք, իսկ դրան պէտք է հասնել սերունդների համերաշխութեան միջոցով»:

Հարցին, թէ որքանով է այսօր մրցունակ հայ երիտասարդը, Արսէն Քարամեանն ասաց. «Հայ երիտասարդը, յամենայն դէպս, ջանում է լինել մրցունակ, հայ երիտասարդի ուսումնատենչութիւնն այդ մասին է վկայում, բայց բացարձակ առումով հայ երիտասարդութիւնը պէտք է ունենայ որոշակի հնարաւորութիւններ այդ ուսումնատենչութիւնը լաւագոյնս իրացնելու համար»:

Իսկ թէ ինչ խնդիրներ ու մտահոգութիւններ ունեն հայ երիտասարդները, Tert.am-ը հետաքրքրւեց հէնց երիտասարդներից. բոլոր խնդիրների կողքին նրանք եւս առաջին հերթին բարձրաձայնում են հէնց զբաղւածութեան հարցը. աշխատանք չունեն, եղածները քիչ վարձատրւող են, բարձրագոյն կրթութիւն ունեցողներն իրենց համապատասխան աշխատանք չեն կարողանում գտնել եւ այլն:

22-ամեայ Արփինէի խօսքով՝ այսօր երիտասարդութեան թիւ մէկ խնդիրն աշխատանքն է: «Շատ ուսանողներ մեծ գումարներ տալով՝ սովորում են, բայց արդիւնքում աշխատանք չեն ունենում»,- ասաց նա:

«Ամենացաւալին այն է, որ ոչ մի երիտասարդ իր ապագան այստեղ չի պատկերացնում, որովհետեւ աշխատանքը ծանր է, իսկ դրա դիմաց վճարւող աշխատավարձը գրոշներ են»,- ասաց Երեւանի պետական համալսարանը գերազանցութեամբ աւարտած 22-ամեայ Աննան, ով ասում է, որ չի կարողանում աշխատանք գտնել:

Սուրէն Բեգլարեան անունով մի տղայ էլ Tert.am–ի հետ զրոյցում ասաց, որ գոհ է ամէն ինչից, կարողանում է իր երիտասարդ տարիներն ապրել լիարժէք. «Սենց էլ մնայ, լաւ ա»:

Լիլիթ անունով մէկ այլ երիտասարդ էլ կարծում է, որ երիտասարդութիւնն այսօր ազատութեան խնդիր ունի: «Կը ցանկանայի, որ ազատութիւն եւ արդարութիւն լինէր, Հայաստանում արդարութեան պակաս կայ»,- ասաց նա:

24-ամեայ Էդգարը, ով տաքսի է վարում, գտնում է, որ հայ երիտասարդն այսօր ունի աշխատանքի, գումարի, ապրուստի խնդիր. «Երկրում ամէն ինչն էլ պիտի փոխւի: Հայ երիտասարդն այսօր չի կարողանում լիարժէք ապրել»:

Մեր զրուցակից այլ երիտասարդներ էլ մատնանշեցին վերջին շրջանում Հ.Հ.-ի կառավարութեան մի քանի օրէնքներից առաջ եկող խնդիրները, մասնաւորապէս՝ պարտադիր նպատակային սոցիալական վճարը, «Շրջանառութեան մասին օրէնքի» փոփոխութիւնները, ինչպէս նաեւ յղիութեան նպաստների կրճատման որոշումը:

Հոգեբան Կարինէ Նալչաջեանի կարծիքով եւս հայ երիտասարդի կեանքում սոցիալ-տնտեսական խնդիրներն առաջնային են: Բացի այդ, չպէտք է մոռանալ, որ շուկայական տիպի բնաւորութիւնն է այսօր գերակշռում, քանի որ մեզանում շատ են շուկայական յարաբերութիւնները։

«Այսօր այդ տիպի բնաւորութիւնն է գերակշռում, մարդկանց հետաքրքրում է շահը, մարդկային յարաբերութիւններում կարեւորում են օգուտի գործօնը: Երիտասարդներն արդէն կարծես յարմարւած են այդ վիճակին»,– ասաց նա:

Հոգեբանին մտահոգում է նաեւ մէկ կարծրատիպ, երբ ասում են՝ էս երկրում ապագայ չկայ. «Այդ «էս երկրում» հասկացութիւնը շատ է խորացել մեզանում: Աշխարհը հիմա շատ անապահով է դարձել եւ դժւար է պատկերացնել, որ մէկ այլ տեղ ապագայ կայ: Մեր երիտասարդն այսօր դուրս չպէտք է նայի: Մաշտոցի ժամանակներն անցել են: Պէտք է փորձել այնպէս անել, որ մեր երիտասարդը սիրի մեր բանակը: Պէտք է համարի, որ կրթութիւնը կարեւոր է, ոչ թէ իր ծնողին ասի՝ դու որ կրթւել ես, ինչի՞ ես հասել»:

Ընդհանուր առմամբ, ըստ Կարինէ Նալչաջեանի, կայ փայլուն երիտասարդութիւն, բայց կրթութեան խնդիր դեռ կայ: «Ի հարկէ, այսօր ժամանակակից մարդու կեանքը դժւար է պատկերացնել առանց համացանցի, բայց այդտեղ կան մեծ կորուստներ, օրինակ՝ գրքից կտրւելը ես մեծ կորուստ եմ համարում: Քիչ ենք հանդիպում կարդալ սիրող երիտասարդների»,-ասաց նա եւ աւելացրեց, որ նաեւ արժէքների փոփոխութեան խնդիր կայ:

Այդուհանդերձ հոգեբանը նկատեց, որ այդ տեսակն իրենից քանակ չի ներկայացնում եւ օրինակ բերեց օգոստոսեան սահմանային դէպքերը, երբ հայ երիտասարդի մէջ կարծես առաջին պլան մղւեց հայրենասիրութիւնը: