Աղբիւր՝ www.yerkir.am

 

 

Փարիզի Մարինյի պալատում աւարտւել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնութեամբ հոկտեմբերի 27-ին Լ.Ղ.-ի հիմնահարցի կարգաւորմանն ուղղւած բանակցութիւնները: Ֆրանսիայի նախագահի հետ առաւօտեան կայացած առանձնազրոյցներից յետոյ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցութիւններ են վարել Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահների եւ Ե.Ա.Հ.Կ.-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկի մասնակցութեամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրոյցը: Բանակցութիւնների արդիւնքներն ուշ երեկոյեան ամփոփւել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսեանի, Իլհամ Ալիեւի եւ Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջէյմս Ուորլիքի (Ա.Մ.Ն.), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) եւ Ե.Ա.Հ.Կ.-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ:

Խաղաղ բանակցութիւններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարեւորել են Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում երկխօսութեան շարունակումը եւ վստահութեան ամրապնդման ուղղութեամբ ջանքերը: Ընդգծւել է հակամարտութեան խաղաղ կարգաւորման այլընտրանքի բացակայութիւնը: Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել կողմերի միջեւ շարունակել բարձր մակարդակի բանակցութիւնները:

Հոկտեմբերի 27-ի երեկոյան Ելիսէյեան պալատում Ֆրանսիայի նախագահի անունից, ի պատիւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, տրւել է ընթրիք: