Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Հայաստան հաստատւած սիրիահայերը, բնիկ հայերի նման յաճախ հանդիպում են դժւարութիւնների, կամ կոպտութիւնների եւ խնդիրներ են ունենում տարբեր մարդկանց հետ (գործատէրեր, հարկային, բժիշկ եւ այլն): Իսկ հայաստանեան լրատւամիջոցները շտապում են յայտարարելու այդ մասին՝ շեշտը դնելով սիրիահայի անիրաււած լինելու կամ բռնութեան ենթարկւելու մասին՝ առանց մտածելու իրենց տարած ապազգային գործի մասին ու տարւած միայն ու միայն իրենց լուրը շատ կարդացւելու մոլուցքից։

Վերջին դէպքը սիրիահայ բժշկի ծեծի ենթարկւելն էր. պատճառն այնքան էլ յստակ չէ, որովհետեւ բժիշկը մերժում է խօսել այդ մասին: Խօսւում է ինքնաշարժները կայանելու ընթացքում մի անհասկացողութեան վարկածի մասին, սակայն պատճառը լրատւամիջոցների համար այնքան էլ կարեւոր չէ, կարեւորը վերնագրի հնչեղութիւնն է «Սիրիահայ բժիշկը ծեծի է ենթարկւում»...

Բանականութիւնից դուրս է, որ բժիշկը ծեծի ենթարկւել է սիրիահայ լինելու համար: Ինքնաշարժը կայանելու ընթացքում տարբեր փողոցներում բնիկ հայաստանցիների վէճն անպակաս է, ծեծն ու կռիւը նոյնպէս, բայց նրանց անդրադառնալը հնչեղութիւն չի ստեղծում։ Նոյն ծեծւող բժշկի օգնութեանը ձեռք է մեկնել հայաստանցի իրաւաբանը՝ նրա դատը պաշտպանելու համար, սակայն սիրիահայ բժիշկը մերժել է այդ մէկը: Ինչո՞ւ սրա մասին չենք խօսում...

Միւս կողմից, հարիւրաւոր հայաստանցիներ, զանազան հիւանդութիւնների տառապելով հանդերձ չեն կարողանում բժշկի գնալ՝ նիւթական դժւարութիւնների պատճառով, սիրիահայերը Հայաստանում բուժւում են անվճար: Ինչո՞ւ այդ հարցին չենք անդրադառնում... Բազմաթիւ ընտանիքներ կան, որոնք երկրաշարժից ի վեր բնակւում են սարսափելի անմխիթար վիճակում՝ բազմանդամ ընտանիքներ աւելի քան քսան ձմեռ է անց են կացնում թիթեղէ տնակներում, մինչ նոյնիսկ կիսով չափ ապահովւած սիրիահայ ընտանիքների տան վարձ է վճարւում...

Լրատւամիջոցները պէտք է համոզւեն ու համոզեն, որ  կատարւած անհամաձայնութիւններն ու խնդիրները սիրիահայ եւ հայաստանցի լինելու հետ կապ չունեն. խնդիրը Հայաստանի անօրէն ապրելակերպի մէջ, աւելի ճիշտը, գործող անտառային օրէնքի մէջ է, որտեղ տկարը պէտք է ենթարկւի զօրաւորին եւ անօրէն զօրաւորը մնայ անպատիժ, իսկ այդ տկարների մէջ մեծ թիւ կազմողը հայաստանցիներն են եւ մի քանի սիրիացի կամ այլք...

Մի՛ խորացնէք Հայաստան-Սփիւռք անջրպետը...