Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայոց ազգագրութեան եւ ազատագրական պայքարի պատմութեան թանգարանի գիտութեան գծով փոխտնօրէն ազգագրագէտ Սւետլանա Պօղոսեանը 19 օգոստոսին լրագրողների հետ ունեցած զրոյցի ընթացքում անդրադարձել է հայկական խոհանոցի աւանդութիւններին եւ նրանց պահելու կարեւորութեանը։ «Դեռ մի տասը տարի առաջ հայկական խոհարարական աւանդոյթները վտանգւած էին, հիմա դա յաղթահարւել է, քանի որ պետական եւ հասարակական կառոյցները հասկացել են, որ զբօսաշրջութիւնը չի կարող զարգանալ առանց մշակութային կարեւոր բաղադրիչ հանդիսացող ազգային խոհանոցի պատշաճ ներկայացման: Այս նպատակով ազգագրագէտների ու խոհարարների համատեղ ջանքերի շնորհիւ ծրագրւում է ստեղծել հայ աւանդական ուտեստների տպագիր շտեմարան»:

«Մեր այսօրւայ խնդիրը մոռացւած կերակրատեսակներին երկրորդ շունչ տալն է, քանի որ արխիւներում պահպանւել են բաւականին մեծ քանակութեամբ տւեալներ հնում պատրաստւող կերակրատեսակների վերաբերեալ: Վերծանելով մեզ ի պահ տրւած աւանդոյթների նկարագրութիւնները՝ անհրաժեշտութիւն կայ, որ մենք՝ գիտնականներս խոհարարների հետ փորձերի միջոցով հասկանանք այս կամ այն ուտեստի պատրաստման մեթոդներն ու դրանց արդիականացումը»,- նշել է Սւետլանա Պօղոսեանը: Նա նաեւ կարեւոր է նկատել ուտեստեղէնի պատրաստութեան մեթոտների ներկայացումը, այլ նաեւ նրանց մատուցման ձեւերը, որոնք կիրարկւում էին հին ժամանակ:

«Հայ խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման» կազմակերպութեան նախագահ Սեդրակ Մամուլեանի համաձայն՝ հայկական ազգային խոհանոցում մեծ դեր ունին հացահատիկային ուտելիքները, քանի որ խոհանոցը տւեալ վայրի կլիմայական պայմանների անմիջական արտացոլացումն է: «Մեր խոհանոցը իւրատեսակ է նրանով, որ պահպանւել են ծիսական ուտեստները: Իւրաքանչիւր ուտեստ, մանաւանդ ծիսականը, կրում է իր մէջ մեծ խորհուրդ: Գտնելով դրա հիմքերն ու վերականգնելով պատրաստման եղանակները՝ կը ստանանք աւելի առողջ եւ ժամանակականից ուտեստ, որը կտրուկ կը փոխի վերաբերմունքը ազգային խոհանոցի նկատմամբ»,- դիտել է տւել Սեդրակ Մամուլեանը: Նա նաեւ նշել է, որ մեր ազգային խոհանոցի վրայ մեծ ազդեցութիւն է ունեցել պաշար պահելու մշակոյթն ու մառանը: Մամուլեանն օրինակ բերեց չորրորդ դարից հասած տհալի, ինչպէս նաեւ չորթանի պատրաստութիւնը, որից մի քիչ ստանալու համար անհրաժեշտ է տասնեակ լիթր մածուն։

Խօսելով կայանալիք աշխատանքների մասին՝ Սւետլանա Պօղոսեանը յայտնել է, որ ներկայ դրութեամբ բաւական լաւ մշակւել են տասնիններորդ դարի աւարտին գրւած ուտեստեղէն ուսումնասիրութիւնները՝ նշելով, որ գիտնականներ յաջորդ քայլը միջնադարեան Հայաստանով անցած ճանապարհորդների յիշողութիւնների վերծանումն է, ինչպէս նաեւ գրաբարով գրւած միջնադարեան նիւթերի թարգմանութիւնը արեւելահայերէնի:

Սեդրակ Մամուլեանն աւելացրել է. «Մօտակայ օրերս գրախանութներում կը յայտնւի «Մարգագետնից Խոհանոց. Տատիկի Գաղտնիքները» խոհարարական գիրքը, որում տեղ են գտել աւելի քան 120 ուտեստի բաղադրատոմսեր: Այդ բաղադրատոմսերը հիմնւած են Հայաստանում աճող վայրի բոյսերի վրայ»:

«Հիւանդանալիս մենք գնում ենք շուկայ՝ գնելու այս կամ այն բոյսը թուրմ պատրաստելու համար, սակայն դրանք ուտելու համար պիտանի են, եւ այդ բոյսերը պէտք է բերենք սննդի համակարգ, որպէսզի ոչ թէ հիւանդանանք, այլ կանխարգելենք հիւանդութիւնների զարգացումները»,- դիտել է տւել Սեդրակ Մամուլեանը: Նա աւելացրել է, որ գրքի պատրաստութեանը մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի աւելի քան 70 դպրոցների աշակերտներ, որոնք ոգեւորութեամբ մասնակցում են ծրագրին։