Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած ցաւալի իրադարձութիւնների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր զօրակցութիւնն է յայտնում Հայրենիքի պաշտպանութեան համար մարտական գործողութիւնների ընթացքում իրենց կեանքը նւիրաբերած հայորդիների ընտանիքներին եւ մերձաւորներին: Այս մասին յայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատւական համակարգից:

«Խորապէս սգում ենք հայրենեաց սահմանների պաշտպանութեան համար զոհւած հայորդեաց մահը: Մեր սիրելի, հերոս զաւակները քաջարի ոգով դիմակայեցին հակառակորդին՝ ապահովելու մեր երկրի ու ժողովրդի անդորրը: Նրանց անունները միշտ աղօթքով պիտի յիշւեն հայորդեաց շուրթերին, եւ նրանց անմահ յիշատակի առջեւ սերունդներ պիտի խոնարհւեն»,- նշւած է Վեհափառ Հայրապետի ուղերձում:

Ամենայն հայոց կաթողիկոսը նաեւ իր օրհնութիւնն է բերում հայոց աշխարհի սահմանները պաշտպանող զինւորներին՝ մաղթելով, որ Ամենախնամ Աստւած պահապան լինի նրանց՝ ապահովութեան մէջ շարունակելու իրենց նւիրեալ ծառայութիւնը՝ հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ եւ բարօր կեանքի համար:

Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ՝ առաջիկայ կիրակի հայոց եկեղեցիներում կը կատարւի հոգեհանգստեան պաշտօն՝ զոհւած հերոսների հոգիների խաղաղութեան եւ հանգստութեան համար, տեղի կունենան այցելութիւններ՝ նրանց ընտանիքներին: