Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Յուլիսի 15-ին, ժամը 15.30-ին Երեւանի պետական համալսարանում տեղի կունենայ  Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան «Սփիւռք» ամառային դպրոց 2014 թւականի ծրագրի հանդիսաւոր բացումը (հասցէ՝ Ալեք Մանուկեան 1, Ե.Պ.Հ.-ի գլխաւոր մասնաշէնք, 6-րդ յարկ, Մշակոյթի կենտրոն):

Ծրագրի մասնակիցներին կողջունի Հ.Հ. Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը:

«Սփիւռք» ամառային դպրոցը 2014 թւականին կիրականացւի վեց ուղղութիւններով՝ «Սփիւռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում», «Սփիւռքի լրագրողների դասընթաց», «Սփիւռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզւի (արեւելահայերէն եւ արեւմտահայերէն) արագացւած դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց»: Այս տարի աւելացել է  «Սփիւռքի հայկական համայնքային կառոյցների ներկայացուցիչների եւ աշխատակիցների վերապատրաստման» դասընթացը:

Յուլիսի 7-ից արդէն մեկնարկել են հայոց լեզւի արագացւած դասընթացները, որոնց մասնակցում է 80 սփիւռքահայ աշխարհի 12 երկրից, եւ յուլիսի 14-ից՝ ուսուցիչների վերապատրաստման դասընթացը, որին 13 երկրից մասնակցում են 50 մանկապարտէզների ու դպրոցների ուսուցիչներ, տնօրէններ, կրթական գործի կազմակերպիչներ: