Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայաստանում իրանի դեսպանի խօսքով՝ ապագան այլընտրանքային էներգիայինն է, քանի որ նաւթն ու գազը սպառւում են:

Տեխնիկական գիտութիւնների դոկտոր Վահան Համազասպեանի ստեղծած «Ախթամար» արեւային սարքը գիտնականի 20 տարիների աշխատանքի արդիւնքն է: Հեղինակը պնդում է, որ սարքի միջոցով կարելի է մեծ քանակութեամբ էժան էլեկտրաէներգիա ստանալ: Սարքն արժէ ընդամենը 1000 դոլար, եւ ըստ Համազասպեանի, յիսուն տարի կարող է էլեկտրաէներգիա արտադրել:

«Ախթամար»-ը դիտելու համար այսօր գիտնականին էր այցելել Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մուհամադ Ռայիսին՝ դեսպանատան առեւտրի բաժնի վարիչի ուղեկցութեամբ: Ծանօթանալով սարքի հնարաւորութիւններին՝ դեսպանը «Ազատութեան» հետ զրոյցում ասաց, որ հիացած է:

«Իրանում արեւային էներգիայով զբաղւող մի շարք ընկերութիւններ կան, ցանկանում ենք համագործակցութիւն ստեղծել մեր ընկերութիւնների միջեւ: Այժմ մենք աշխատանքներ ենք տանելու, որպէսզի իրանական ընկերութիւններից մէկն այցելի այստեղ եւ քննարկի ներդրումային ծրագիրը: Թէ որտեղ կը սկսւի արտադրութիւնը, պէտք է որոշի իրանական կողմը»,- ասաց Ռայիսին:

Տեխնիկական գիտութիւնների դոկտոր Վահան Համազասպեանը սարքն ստեղծելու ճանապարհին մօտ 1000 գիտնականների հետ է աշխատել: «Ախթամար»-ն արդէն մէկ տարի է պատրաստ է զանգւածային արտադրութեան, բայց գիտնականը մինչեւ օրս չի կարողանում ստանալ կառավարութեան թոյլտւութիւնը: Համազասպեանի խօսքով՝ այլընտրանքային էներգիան զարգացնելու մասին հայ պաշտօնեաների յայտարարութիւններն այդպէս էլ գործի չեն վերածւում:

Նա ասում է, որ մի քանի անգամ դիմել է իշխանութիւններին, վերջերս էլ նամակ է գրել վարչապետ Յովիկ Աբրահամեանին՝ փորձել է ցոյց տալ իր գիւտի արդիւնքները, սակայն վարչապետի փոխարէն իր հետ հանդիպել է էկոնոմիկայի նախարարութեան աշխատակիցներից մէկը, իսկ հանդիպումն աւարտւել է ընդամենը զրոյցով:

Չնայած հայ պաշտօնեաների անտարբերութեանը, Իրանի դեսպանը վստահ է՝ արեւային էներգիայի ոլորտը զարգացնելու համար թէ՛ Հայաստանում, եւ թէ Իրանում բարենպաստ պայմաններ կան:

Նա պատմեց, որ նաւթով եւ գազով հարուստ Իրանում գիտակցում են, որ ապագան էներգիայի այս ճիւղինն է, եւ այն մեծ պոտենցիալ ունի, այդ պատճառով էլ այժմ իրենց մօտ լայնածաւալ հետազօտութիւններ են կատարւում այս ուղղութեամբ:

«Պարոն Համազասպեանը մեծ աշխատանք է կատարել, սարքը բաւականին հետաքրքիր էր: Հաշւի առնելով այն, որ ապագայում, աշխարհում էներգետիկայի խնդիրներ են լինելու, քանի որ նաւթը եւ գազը սպառւում են, մենք յատուկ ուշադրութիւն ենք դարձնում այլընտրանքային էներգիայի աղբիւրների եւ յատկապէս արեւային էներգիայի զարգացմանը եւ, այդ տեսանկիւնից, այս սարքը հետաքրքիր է եւ ապագայ ունի»,- ասաց դեսպանը:

Սարքի հեղինակ Վահան Համազասպեանը «Ազատութեան» հետ զրոյցում ասաց, որ համագործակցելու ցանկութիւնը մեծ է: Առաջիկայում ծրագրում են այցելել Իրան, ինչպէս նաեւ գիտնականներ հիւրընկալել այնտեղից:

«Յարմար կը լինի հրաւիրել իրենց մասնագէտներին, որ փորձենք հասկանալ պարսկական շուկայի առանձնայատկութիւնները: Ինձ հետաքրքիր է տեսնել՝ իրենց ի՞նչ հզօրութեան եւ ի՞նչ ֆունկցիաներ կատարող արեւային սարքեր են անհրաժեշտ, փորձենք նախագծել արեւային սարք իրենց երկրի համար՝ առանձնայատկութիւնները հաշւի առնելով, կիրառութեան բնագաւառները ճշտելով»,- ասաց գիտնականը: