Ս. Զատկի Ճրագալոյցին, շաբաթ՝ 2021 թւականի ապրիլի 3-ի երեկոյեան, Ս. եւ Անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եւ «Ս. Ստեփանոս», ինչպէս նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում, հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ։

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը նախագահեց «Ս. Մինաս» եկեղեցու Պատարագին, իսկ օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Ընթացքում թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի Ս. Յարութեան տօնի պատգամը։ Վեհափառի պատգամը ընթերցւեց նաեւ վերոնշեալ միւս եկեղեցիներում՝ պատարագիչ քահանայ հայրերի միջոցով։

Յաջորդ օրը, կիրակի՝ ապրիլի 4-ի առաւօտեան, Փրկչի յաղթական Յարութեան տօնը Ս. եւ Անմահ Պատարագի դռնփակ մատուցմամբ նշւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում։

«Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում պատարագեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, իսկ երգեցողութիւնը կատարեց «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը՝ Անուշ Յովհաննիսեանի ղեկավարութեամբ։

Արարողութեանը մասնակցեց Սպահանում Ռուսաստանի գլխաւոր հիւպատոս Բորիս Բուրմիսթրոֆը:

 

Թղթակից (Նոր Ջուղա)