Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնի՝ Ծաղկազարդի առիթով, կիրակի՝ 2021 թւականի մարտի 28-ի առաւօտեան, դռնփակ կերպով Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում: Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը նախագահեց Շահինշահրի արարողութեանը, որը մատուցւեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի միջոցով եւ «Նարեկ» երգչախմբի երգեցողութեամբ:

Պատարագի աւարտին օրհնւեցին ձիթենու ճիւղերը եւ Ս. Յարութեան տօնի նշխարքները, որոնք թեմի ժողովրդին բաժանւեցին թաղերի տիրացուների միջոցով:

Նոյն օրը երեկոյեան ժամը 5:00-ին, Նոր Ջուղայի «Ս. Մինաս», «Ս. Յովհաննու Կարապետ», «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Գրիգոր Լուսաւորիչ», ինչպէս նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում իրականացւեց Դռնբացէքի երեկոյեան ժամերգութիւնը՝ հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ:

Ս. Յովհաննու եկեղեցու արարողութիւնը կատարւեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի միջոցով. երգեցողութեամբ հանդէս եկան «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի անդամուհիները՝ ղեկավարութեամբ Անուշ Յովհաննիսեանի:

Ընթացքում, բազմաթիւ աւետարանական ընթերցումներից, շարականներից եւ փոխասացութիւններից յետոյ, բացւեց Մեծ Պահքի ընթացքում փակ մնացած վարագոյրը՝ որպէս խորհրդանիշ այն իրողութեան, որ ապաշխարութեամբ բացւելու են երկնքի արքայութեան դռները:

Այնուհետեւ թեմակալ Առաջնորդն օրւան պատշաճ իր խօսքում անդրադառնալով Դռնբացէքի խորհրդին՝ յատկապէս մատնանշեց. «Ժամերգութեան ընթացքում, երբ բացւում է Մեծ Պահքի շրջանում փակ մնացած վարագոյրը, յուշում է այն իրողութիւնը, թէ մահկանացուներ ենք եւ ի վերջոյ կանգնելու ենք Աստծոյ արքայութեան դռների առջեւ, որտեղ ծնկաչոք խնդրելու ենք Բարձրեալին՝ ողորմի մեզ եւ մեր առջեւ բացի իր արքայութեան դռները»: Նա իր հայրական պատգամի շարունակութեան մէջ Դռնբացէքի ժամերգութիւնը ինքնաքննադատելու լաւագոյն առիթը համարելով՝ ասաց. «Այս արարողութիւնը յուշում է մեզ մտածենք, թէ ինչպիսի կեանք ենք ապրում եւ մեր աղօթքները ինչքանով են հասանելի Աստծուն, իսկ երբ մահը վրայ է հասնելու եւ կանգնելու ենք երկնքի արքայութեան դռների առջեւ, մեր խօսքն ու աղաչանքները ինչքանով են ընդունւելու Աստծու կողմից»: Պատգամի աւարտին Սրբազան Հայրը յորդորեց՝ կեանքի ընթացքով եւ արարքներով փորձել արժանանալ Աստծու ողորմութեանը:
 

 Թղթակից (Նոր Ջուղա)