Հինգշաբթի՝ 2020 թւականի յուլիսի 30-ին, Ս. Ամենափրկչեան Վանք այցելեցին Սպահանի Քաղաքային խորհրդի անդամ եւ նոյն խորհրդի քաղաքաշինութեան յանձնաժողովի տնօրէն Շիրին Թողեանին եւ նրան ընկերակցող քաղաքապետարանի պատասխանատու անձինք: Խումբը «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի եւ «Նոր Ջուղայի Հայոց Ազգագրական թանգարան» այցելելուց յետոյ, հանդիպեց Թեմական խորհրդի անդամներ՝ Ժորժ Ղազարեանի, Վահիկ Թորոսեանի եւ Ազգ. առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանի հետ:

Ժորժ Ղազարեանը բարիգալստեան խօսք ուղղելով հիւրերին, Թեմական խորհրդի պատրաստակամութիւնը յայտնեց տարբեր ոլորտներում քաղաքապետարանի եւ քաղխորհրդի հետ համագործակցելու վերաբերեալ:

Քաղաքային խորհրդի քաղաքաշինութեան յանձնաժողովի տնօրէնը բարձր գնահատեց Սպահանի միաստւածային կրօնների հետեւրոդների սերտ յարաբերութիւնը, ապա անդրադառնալով Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի հնաոճ կալւածների նորոգութեան ու վերականգնման աշխատանքներին, ընդգծեց, որ հայերի ներկայութիւնը Սպահանում մեծ ազդեցութիւն է ունեցել քաղաքի զարգացման ու համաշխարհային համբաւի վրայ:

Հանդիպման շարունակութեան մէջ անդրադարձ եղաւ քաղաքապետարանի միջոցով քաղաքի տարբեր հատւածներում իրագործւած, ինչպէս նաեւ Ս. Ամենափրկիչ Վանքի եւ Սպահանի հայկական մի քանի եկեղեցիների արտաքին լուսաւորութեան աշխատանքին, ապա քննարկւեցին Ս. Բեթղեհէմ եւ Ս. Գէորգ եկեղեցիների ու Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան նորոգութեան եւ լուսաւորութեան ուղղութեամբ նախատեսւած ծրագրերը:

Վերջում Արիս Դաւթեանը շնորհակալական խօսք ուղղելով Սպահանի եւ 5-րդ շրջանի քաղաքապետարաններին եւ Քաղխորհրդին՝ Թեմական խորհրդի հետ իրենց ցուցաբերած սերտ համագործակցութեան համար, տեղեկութիւններ փոխանցեց ընթացքի մէջ գտնւող Խորհրդի աշխատանքների եւ նախագծերի վերաբերեալ: