Սրբոց Վարդանանց տօնի առթիւ, հինգշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, ձեռամբ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի:
    Յատկանշական է, որ Սրբոց Վարդանանց տօնը զուգադիպելով Իրանի խորհրդարանական ընտրութիւնների նախօրեակին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի կարգադրութեամբ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում նշւեց մէկ շաբաթ շուտ:
    Արարողութեանը մասնակցում էին նաեւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը եւ թեմի դպրաց դասի ներկայացուցիչները: Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
    Պատարագիչ քահանայ հայրն օրւան պատշաճ իր քարոզում անդրադառնալով Վարդանանց պատերազմին՝ ի մասնաւորի ընդգծելով այն փաստը, որ հայերը թշնամու մեծաթիւ եւ զանազան զէնքերով օժտւած զօրքին յաղթեցին իրենց հայրենասիրութեան կուռ ոգու եւ հաւատի շնորհիւ, շեշտեց, թէ Վարդանանց պատերազմը հայ ազգի պատմութեան ամենափայլուն էջերից է եւ այդ պատմութեամբ դարեր շարունակ դաստիարակւել են մատաղ սերունդները: Նա շեշտելով, որ մարդ արարածը մահկանացու է, իսկ պատմութիւնը յաւերժական, կոչ արեց աշակերտներին՝ իրենց գիտութեամբ, իմաստութեամբ եւ մշակոյթով հայ ազգի համար կերտեն այնպիսի պատմութիւն, որով կը հպարտանան յետագայ սերունդները:
    Աւարտին ներկաները հաղորդութիւն ստացան քահանայ հայրերի ձեռամբ:
    Պատարագին ներկայ էին՝ ազգային մարմինների ներկայացուցիչները, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն»  տարրական կրթահամալիրի 4-րդ դասարանի եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-աշակերտուհիներն ու պատասխանատուները եւ ժողովուրդ:


Թղթակից (Նոր Ջուղա)