Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնը Եղեռնի բիւրաւոր նահատակների անմոռաց յիշատակին իր յարգանքի տուրքը մատուցելու նպատակով՝ ուղեկցութեամբ դպրոցների տեսչութիւնների, ուսուցչական կազմերի եւ ծնողական խորհուրդների, պահանջատիրական կարգախօսների վանկարկումով ու պաստառներով, պատկան դպրոցներից քայլեցին դէպի Ս. Ամենափրկիչ վանք, որտեղ մէկ եւ կէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանի առջեւ առանձնաբար կայացաւ ծաղիկների մատուցման արարողութիւն:

Ստորեւ ներկայացնում ենք սոյն միջոցառումները մանրամասնութեամբ.

Երեքշաբթի՝ ապրիլի 22

Առաւօտեան ժամը 10:30-ին, Նոր Ջուղայի Հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի սաները՝ վեր բարձրացրած բռունցքներով եւ լոզունգներով մուտք գործեցին Ս. Ա. վանք՝ ծաղիկներ մատուցելով անմեղ զոհերի յիշատակին կառուցւած յուշարձանին: Թոթովախօս մանուկներն ելոյթ ունեցան պահանջատիրական եւ հայրենասիրական արտասանութիւնների ու խմբական երգերի կատարմամբ:

Աշակերտական ելոյթից յետոյ, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը ողջունելով մանուկների ներկայութիւնը ծրագրին՝ ասաց. «Քիչ առաջ դուք երգեցիք, արտասանեցիք եւ լոզունգներ տւեցիք: Ձեր ձայնն ուժեղ է եւ լսում է ամբողջ աշխարհը, լսում է նաեւ թուրքը: Ուրախ ենք, որ ձեզ նման փոքրիկներ ունենք, ովքեր չեն մոռացել նահատակներին եւ յիշում ու յիշեցնում են մեր արդար իրաւունքները. քանի դեռ կան ձեզ նման բալիկները, թշնամին չի կարող տիրանալ մեր իրաւունքներին»:

Վերջում դպրոցի կողմից երկու աշակերտներ ծաղիկներով պատած խորհրդանշական Ծիծեռնակաբերդը տեղադրեցին յուշարձանի մօտ, իսկ իւրաքանչիւր սան առանձին ծաղիկ մատուցեց նահատակների յիշատակին:

Նոյն օրը՝ կէսօրին ժամը 12-ին, հայոց ազգային «Արմէն» տարրական երկսեռ կրթահամալիրի աշակերտութիւնը, ովքեր պահանաջատիրական լոզունգներով զարդարւած եռագոյն էին ամրացրել իրենց բազուկներին, ներկայացան Ս. Ա. վանք, ուր տեղի ունեցաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը: Ծրագիրը մեկնարկեց աշակերտական ելոյթներով, որտեղ նախ «Մենք չենք մոռացել» երգի մենակատարմամբ հանդէս եկաւ Դւին Յովհաննիսեանը: Ապա հայերէն լեզւով աշակերտական խօսքն ընթերցեց Արեգ Յարութիւնեանը, պարսկերէնով՝ Ալմարա Թահմազեանը, իսկ անգլերէն լեզւով՝ Մինելի Ղազարեանը: Աշակերտական ելոյթների շարանում Վարանդի «Եղեռնագործներին» ստեղծագործութիւնը հատւած առ հատւած ասմունքեցին Մենուա Քեշիշեանը, Քրիստին Մարկոսեանը, Նժդեհ Սիմոնեանը, Տաթեւիկ Տէր-Մարտիրոսեանը եւ Թոմիկ Մարկոսեանը, իսկ Ծաղկանուշ Ծատուրեանի «Քայլէ՛ք դուք միշտ հաստատուն» ստեղծագործութիւնը՝  Լուսին Յովսէփեանը, Շանթ Մելքոնեանը, Նինէ Բարղեանը եւ Մհեր Գուրգէնեանը: Գեղարւեստական ելոյթները եզրափակւեցին «Հսկայ երկիր էր» երգի կատարմամբ՝ բոլոր աշակերտների միջոցով:

Այնուհետեւ իր հայրական օրհնանքը փոխանցեց Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադառնալով մինչեւ այսօր Թուրքիայի կողմից իրականացւող հակահայ գործողութիւններին՝ ի մասնաւորի Սիրիայի Քեսաբ հայաբնակ քաղաքում կատարւած ոտնձգութիւններին, կոչ արեց աշակերտութեանը գիտութեամբ զինւել, արթուն, գիտակից եւ պահանջատէր լինել ու միակամ կեցւածքով շարունակել մեր պայքարը:  Ապա Սրբազան Հօր բացագանչած «Պայքար, պայքար մինչեւ յաղթանակ» լոզունգը երեք անգամ կրկնելով հաստատեցին ներկաները:

Վերջում յուշարձանի մօտ տեղադրւեց Ցեղասպանութեան 99-ամեակը խորհրդանշող գերբը, որից յետոյ տեղի ունեցաւ ծաղիկների մատուցում աշակերտների միջոցով:

Չորեքշաբթի՝ ապրիլի 23

Ապրիլ 23-ի կէսօրւայ ժամը 12:45-ին, հայոց ազգային «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցների աշակերտ-ուհիներն ներկայացան Ս. Ա. վանք, ուր դատապարտող կարգախօսների վանկարկումով իրենց պահանջատիրական ձայնը միացրին համայն հայութեան ձայնին: Ծրագրում Ս. Կապուտիկեանի «Մտորումներ ճանապարհի կէսին» բանաստեղծութեան ասմունքով հանդէս եկան աշակերտներ՝ Վանայ Շիրւանեանը, Անդրիա Խաչատրեանը, Միրօ Ղազարեանը եւ Մենուա Յովսէփեանը:

Այնուհետեւ առաջնորդ Սրբազան Հայրն իր հայրական օրհնանքը փոխանցեց աշակերտութեանը՝ կարեւորելով Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման փուլից դէպի հատուցման փուլ անցում կատարելը եւ յորդորեց՝ պահանջատէրը լինել մեր արդար իրաւունքների եւ պայքարել մինչեւ յաղթանակ:

Վերջում տեղի ունեցաւ ծաղիկների մատուցման արարողութիւն, որի ընթացքում աշակերտներ՝ Վանայ Շիրւանեանն ու Թանիա Մինասեանը կատարեցին «Կիլիկիա» երգը՝ այն նւիրելով բիւրաւոր նահատակների անմոռաց յիշատակին:

Վերոնշեալ բոլոր արարողութիւններին ներկայ էին ազգային մարմինների ներկայացուցիչները եւ 99-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի անդամները, իսկ հաղորդավարութեամբ հանդէս եկաւ նոյն յանձնախմբի անդամ Սօսէ Պօղոսեանը:

Յատկանշելի է, որ չորեքշաբթի՝ ապրիլ 16-ի կէսօրից յետոյ ժամը 2-ին, Սբ. Ա. վանքի շրջափակում մասնակցութեամբ «Քանանեան» դպրոցի միջնակարգ օղակի աշակերտութեան կազմակերպւել էր workshop, որտեղ պատրաստւեցին դատապարտող պաստառներ եւ կատարւեց յուշարձանի ու յարակից տարածքի մաքրման աշխատանքը: 5 ժամ տեւած ծրագրի ընթացքում աշակերտները հայրենսիրական երգերի կատարմամբ ոգեւորեցին բոլորին եւ Հայոց Ցեղասպանութեան իրողութեան մասին տեղեկութիւններ փոխանցեցին վանք այցելող օտարերկրացի զբօսաշրջիկներին:

Այս տարի եւս աւանդոյթի համաձայն վանքի պատերի վրայ ցուցադրւել էին հայոց ազգային դպրոցների աշակերտութեան նկարչութիւններն ու պատի թերթերը՝ «Հայոց Ցեղասպանութիւն» խորագրով: