Շաբաթ՝ 2014 թւականի ապրիլի 19-ի առաւօտեան, գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի գլխաւորութեամբ, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչներից բաղկացած մի պատւիրակութիւն, Սպահանի «22 Բահման» հիւրանոցում հանդիպում ունեցաւ Սպահան, Եազդ եւ Չհարմահալ նահանգների բանակի ընդհանուր հրամանատար Ռեզա Ջեհադիի եւ զինւորական բարձրաստիճան հրամանատարների հետ, ովքեր իմի էին եկել տօնելու Իրանի Բանակի օրը եւ գնահատելու արժանի հրամանատարներին ու բանակայիններին։ Հանդիպմանը ներկայ էին տասնեակ բարձրաստիճան սպաներ ու գնդապետեր։

Գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը ուրախութիւն յայտնելով ստեղծւած առիթի կապակցութեամբ, իր շնորհաւորանքը փոխանցեց Բանակի օրւայ առթիւ եւ գնահատեց ու մեծարեց բանակում ծառայող բոլոր զինւորներին եւ սպաներին, ովքեր իրենց կեանքի գնով ապահովում են հայրենիքի ամբողջականութիւնն ու անվտանգութիւնը։ Սրբազան հայրը ողջունելով նաեւ իրանական Մայրերի օրւայ կապակցութեամբ, յայտնեց, որ իրանցի մօր կրթած եւ դաստիարակած պատասխանատու եւ յանձնառու քաջամարտիկների, ինչպէս նաեւ երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենէյիի եւ քաղաքական այլ ղեկավարութեան խոհեմութեան ու հեռատեսութեան շնորհիւ, Իրանը ոչ միայն համարւում է տարածաշրջանում քաղաքական, ռազմական եւ տնտեսական հզօր ուժ, երաշխաւորելով իր ժողովրդի խաղաղութիւնն ու ապահովութիւնը, այլ նաեւ միաստւածեան կրօնների համագոյակցութեան վառ ու գեղեցիկ օրինակ, որի մասին ամենուրէք միշտ վկայել է ինքը։

Բանակի ընդհանուր հրամանատար՝ Ռեզա Ջեհադին, շնորհակալական խօսքերից յետոյ, ողջունեց հայութեան գործօն ներկայութիւնը իրանի ամբողջականութեան, գերիշխանութեան եւ հզօրութեան ուղղութեամբ ծաւալւող զանազան աշխատանքների մէջ, եւ յիշելով Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած հայ զինւորներին՝ մեծապէս արժեւորեց այն միակամ կեցւածքը, որը դրսեւորում են իրանեան  ժողովրդի տարբեր խաւերն ու ազգութիւնները։